7.8.11

ՀԱՅԻ ՑԱՎԸ

Հայը թեև շատ ցավ ունի
Բայց ողջ մեկ չեն նրա համար,
Մինն է նրան միայն սիրելի,
Նրա հոգուն, խելքին հարմար: 
Առե՜ք, ահա, մեր թերթերը.
Ամեն տեղից գրում են միշտ,
Թե՝ տըգետ է մեր տերտերը,
Խիղճը մեռած, բարքն ամբարիշտ: 
Ձեռք ես առնումէլ բան չըկա
Մեր տերտերը ագահ, տըգետ,
Մատաղահաս մի աղջկա
Պըսակել է մի ծերի հետ: 
Շուռ ես տալիս, այլ տեղկարդում.
Մնացել են մարդիկ խաթում.
Տերտերն այնտեղ լոթի մի մարդ,
Գիշեր-ցերեկ խաղում է կարտ: 
Մի ուրիշ տեղ տերտերն անկին
(
Աստված հայից հեռու տանի)
Քանի տարի ծուխի միջին
Կին է պահում ապօրինի...
Հապա այստեղմեր կենտրոնում`
Հայ տերտերը դրժած ուխտին,
Առանց վարձի չէ կամենում
Հողին հանձնել հայ պանդուխտին: 
Այսպես անվերջ ու անխըտիր
Ուր որ գնաս, մի կարճ խոսքով,
Շուշի, Ղզլար, Բաթում, Իգդիր,
Կարս, Երևան, Ղազախ, Մոսկով,
Գորի, Գանձակ, Փիբ, Ասխաբադ,
Բաքու, Նուխի, Թիֆլիս, Թելավ,
Ամեն տեղ էլ տերտերը վատ,
Ազգի գլխին դարձել է ցավ...
Եվ խեղճ ազգը շատ մտածեց,
Վերջը մի ճար գտավ սըրան, —
Շատ հոգևոր դպրոց բացեց,
Մինչև անգամ ընծայարան...
Բայց ահա մեր խելոքները
Հարց են դնում այսօր կրկին
Խելքի՞ կըգա հայ տերտերը,
Եթե ուսում առնի կարգին: 
Եվ շատ ճիշտ է այս կասկածը.
Թե ուսումը խելոքացներ,
Մի՞թե ուսում առած մարդը
Այս տեսակ բան կհարցըներ: 
Այսպես մեր հին ցավը էլի
Մնաց ընդմիշտ անբուժելի,
Եվ հայ թերթը շատ տարի դեռ
Պիտի գրի՝ տերտե՛ր, տերտե՛ր...


«Հայի ցավը» բանաստեղծությունը, որ «տերտերի» որդի Հովհաննես Թումանյանը 1898թ. նվիրել է հանրահայտ «Մշակ» պարբերականին, որքան էլ որ սարկազմիկ լինի (բանաստեղծի թեթև ձեռքով սարկազմը հատկապես խայթում է ժամանակի լրատվամիջոցներին) միանգամայն արդիական է:
Ակնհայտորեն նկատելի է «հայերիս ցավը»` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորների դեմ ծավալված արդարացի կամ հանիրավի քարկոծումը: Ճիշտ է, ռմբակոծման թիրախ են դարձել ու դառնում մի քանի հոգևորականներ, սակայն ընդհանուր առմամբ հոգևորականներից ցանկացածի կողմը շպրտած քարը արդարացի կամ հանիրավի կերպով դիպչում է ցանկացած հոգևորականի` սարկավագից մինչև եպիսկոպոս: Զարմանալին մնում է այն, որ «հայի ցավը» բանաստեղծի մարգարեացմամբ ավելի քան 100 տարվա պատմական փորձառություն ունի: 
Զարմանալին ու անարդարացին ինձ համար այն է, որ եկեղեցականի հանդեպ քննադատություն ու «դիմակազերծում» իրականացնողները, ի տարբերություն Հովհաննես Թումանյանի, անհատներ են կամ խմբեր, ովքեր բացարձակ գաղափար չունեն եկեղեցուց ու եկեղեցականներից, երբեք իրենց չնչին ներդրումը չեն ունեցել եկեղեցու զորացման գործում, անգամ ծանոթ չեն Աստվածաշնչին ու եկեղեցական կարգուկանոնին: Փաստացիորեն զգացական մակարդակի վրա ենթադրություններ անող «ցավագարները» պետք է որ բարոյական իրավունք չունենան հոգևորականին անգամ կես թթու խոսք ասելու, սակայն... Հասկանալի է, որ այսօր ինչպես հավանաբար «Մշակի» ժամանակներում նմանատիպ «սենսացիոն» բամբասկոտությունները ամենաընթերցվողներն են... Էհ Աստված հոդվածագիրների հետ. «Հայը թեև շատ ցավ ունի, բայց ողջ մեկ չեն նրա համար, մինն է նրան միայն սիրելի, նրա հոգուն, խելքին հարմար»:
Գրածս, հավատացեք, ինքնապաշտպանություն չէ... Ընդունում եմ, որ հոգևորականը հասարակության մարդ է, եկեղեցու հայելին ինչ-որ առումով և «ուխտադրժությունը», «փողասիրությունը», «ամբարիշտությունը» և այլևայլ արատները բիծ են թողնում հասարակության և եկեղեցականների հավաքականության վրա, ընդունում եմ, սակայն չեմ կարող մոռանալ նաև, որ հոգևորականն էլ (որքան էլ որ պարտավոր է օրինակելի լինել) մարդ է, միս ու արյունից մարդ, ով, ինչպես ցանկացած մեկս ունի իր խնդիրները, մոլությունները, գայթակղություններն ու անկումները...
Պատերազմական իրադրության մեջ թշնամու ամենափնտրված թիրախակետը առաջնորդ զինվորականներն են` գնդապետներ, գեներալներ, որովհետև նրանց ոչնչացումն ու վնասազերծումը կարող է արագացնել հակառակորդի պարտությունը` զրկելով առաջնորդող ու գիտակ ուժից: Նույն սկզբունքով շախմատում անհրաժեշտ է ամեն կերպ սեղմել ու անելանելի դրության մեջ գցել արքային... 
Հոգևոր տեսանկյունից ցանկացած քրիստոնյա, կամա թե ակամա մշտապես գտնվում է պատերազմի մեջ, որտեղ առաջնային հարց է թշնամու` չարի, սատանայի որոգայթից խուսափելը և նրա համար թիրախ չդառնալը: Որպես հմուտ ռազմավար, անշուշտ, սատանան լավ գիտի մարգարեի այն խոսքը, թե «Ես պիտի հարուածեմ իմ հովուին, եւ իմ հօտերը պիտի ցրուեն» (Զաք. 13:6), ուստի հոգևոր պատերազմում նա հովվի`հոգևոր առաջնորդի հանդեպ ավելի գործուն է ու ակտիվ: Այո, իրականությունն այս է, հոգևորականը ավելի շատ է հանդիպում փորձությունների, նրա առաջ մոլորվելու ու գայթակղվելու ավելի շատ ծուղակներ կան... Որովհետև, եթե նա անկում ապրի, անկում կապրի նաև իր հովված քրիստոնյա հոտը, որովհետև եթե նա սխալվի, շատերը այդ օրինակ կդարձնեն եկեղեցուց և անգամ Աստծուց երես թեքելու համար... Ցավոք սրտի նման երևույթներ այսօր մեր իրականության մեջ կան ու դեռ պիտի լինեն քանի դեռ կա հակառակորդը` սատանան: Սակայն եթե անդրադառնանք նման իրադրություններում մեր հասարակության լայն շերտերի կեցվածքին, ապա կտեսնենք, որ չափազանց քիչ են մարդքիկ, ովքեր գոնե փոքրիկ ջանքեր կգործադրեն հոգևորականին այդ վիճակից դուրս բերելու համար, քիչ են նրանք, ովքեր ցեխը ընկածին քացի չեն տա ու էլ ավելի չեն մխրճի նույն ցեխի մեջ, քիչ են նրանք, ովքեր կմտածեն, որ իրենց սեփական հոգևոր-բարոյական վիճակը ավելի լավը չէ, քան սխալված հոգևորականինը, քիչ են նրանք, ովքեր կաղոթեն մոլորված ու սխալ ընթացքի մեջ հայտնված հոգևորականի համար... Հակառակ սրան բազմաթիվ են «հայի ցավով» տառապող «խելոքները», ովքեր պղտոր ջրում կսկսեն սեփական ձկները որսալ: Ինչո՞ւ... Կարծում եմ այն պատճառով, որ մենք հոգևոր մարդիկ չենք իրականում, մենք այն չենք, ինչ երազում ենք լինել. մեր աչքի գերանը թողած, սիրում ենք ուրիշի աչքի շյուղը մատնացույց անել. դատելն ու դատողություններ անելը միշտ հեշտ է. «Դու ո՞վ ես, որ դատում ես ուրիշի ծառային. կանգնած լինի, թէ ընկած՝ իր տիրոջ համար է. բայց նա կը կանգնի, որովհետեւ կարո՛ղ է Տէրը նրան կանգուն պահել»,- ասում է սուրբ Պողոս առաքյալը (Հռոմ. 14:4):
Միշտ էլ դյուրին է ցեխ շպրտելը, մանավանդ երբ հարցը վերաբերում է ուրիշներին, իսկ երբ հարցը տեղափոխենք սեփական կյանքի ու կենցաղի տիրույթ, կուզենանք անձեռնմխելի լինել... Սակայն, որքան էլ, որ անձեռնմխելի մնանք, միևնույն է, ցեխ շպրտողն առաջինն է ցեխոտում իր ձեռքերը...
Ասածս ամենևին այն չէ, թե պետք չէ քննադատել վատը, արատավորը. ընդհակառակը` առողջ քննադատությունը միշտ կառուցողական է և միշտ օգտակար, ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ եկեղեցին միայն հոգևորականը չէ, եկեղեցին նաև դու ես ընթերցող, և դու որպես մեկ մարմնի` Քրիստոսի մարմնի փոքրիկ, բայց կարևոր անդամ պարտավոր ես հոգալ ցանկացած այլ անդամի առողջության մասին, լինի նա աշխարհական և թե հատկապես հոգևորական, որովհետև լավ իմացիր. «Հովվին հարվածես, ողջ հոտը կցրվի...»:
Հանճարեղ է «տերտերի» որդի Թումայանը...
Հաճախ աղոթենք Աստծո և մեր Սուրբ Եկեղեցու  սպասավորների համար...

9 արտահայտվիր:

Նոթատետր комментирует...
07.08.2011, 16:36

Շատ լավն էր, հետաքրքիր ու արդիական, շնորհակալություն:
Էնքան լավն էր, որ էլ մեկնաբանելու կարիք չկա, տեղ էլ չկա, ամեն ինչ ասված է:

Анонимный комментирует...
07.08.2011, 20:24

Շատ ճիշտ ես ասում, Արթո´ւր ջան:
Սրբակենցաղ կյանքից խոսողների գերակշիռ մասը խորապես
թքած ունի բարի ու արդարության վրա:

Նշան

AngeloK комментирует...
08.08.2011, 8:52

Շնորհակալություն, շատ դիպուկ ասված խոսքեր էին և ճիշտ ժամանակին!!!

Տեր Վրթանես комментирует...
19.08.2011, 18:45

Աստված օրհնի քեզ,բարեշնորհ Արթուր սարկավագ:

ArturSrk комментирует...
20.08.2011, 6:25

Շնորհակալ եմ Տեր Հայր ջան :)))

ԱՆԻ комментирует...
20.08.2011, 22:26

Մեր հասարակությունը անհիմն քննադատում է հոգևորականներին,համեմատություններ անցկացնելով կասկածելի աղանդավորական հոգևոր հովիոների հետ առանց տեղյակ լինելու նրանց խայտառակ գործունեության և վառքի մասին,ինչևիցէ սիրելի հոգեվորականներ Ձեզ մախթում եմ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՍԵՐ և ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ հալածանքներին դիմակայելու համար;

Diana комментирует...
28.08.2011, 13:52

Մենք «ուրիշներին» քննադատելով՝ կորցնում ենք մեր կյանքի կարևոր պահերը, մոռանում ենք հոգալ մեր հոգիների մաքրության համար ու մոռանում ենք նաև, որ բոլորս էլ մարդ ենք ու հանդիպում ենք ամեն տեսակի մոլորության: Եթե գոնե մեկը նայի իր հոգու մեջ ու հայտնաբերի, որ ինքը անթերի է, ուրեմն նա չար տգիտությամբ է տառապում... Հոգևորականները միջնորդ են մեր ու Բարձրյալի միջև՝ եկեք չմոռանանք դա: Նրանք ամեն վայրկյան աղոթում են մեր համար, շատերս չենք էլ գիտակցում ու հասկանում այդ առաքելությունը: Իսկ մե՞նք՝ այսպես ենք հայտնում մեր երախտագիտությունը՝ քննադատելով...կամ ի՞նչ իրավունքով... Եթե գոնե կիրակի օրերը բոլորս հաճախենք պատարագներին, ու ոչ միայն հաճախենք, այլ նաև մասնակցենք ու սրտի ունկերով լսենք ամենը, հավատացեք, որ մեր հոգիների աչքերը կբանան ու կհասկանանք, որ հենց հոգևորականների շնորհիվ ու Աստծո կամոք է, որ մենք դեռ կարող ենք գտնել դարձի ճանապարհը ու, որ միշտ չէ, որ հոգին անկվում է վերջնականապես:

ArturSrk комментирует...
22.09.2011, 9:21

Հիանալի մեկնաբանություն էր, շնորհակալ եմ:

Анонимный комментирует...
16.07.2013, 14:38

Համամիտ եմ,շնորհակալություն:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...