17.6.11

ՆԱՄԱԿ ԻՆՔՍ ԻՆՁ (մաս 5)


Նամակդ ստացա, շատ ուրախ եմ: Ուրախ եմ, որովհետև քեզ հանգիստ եմ գտնում:
Այս մեծ աշխարհում, որն իրականում այնքան էլ մեծ չէ, ուղղակի մենք ենք շատ փոքր, քեզ նման շատերը կան: Բոլորս էլ մեր անկյունն ունենք այս հողի վրա, չկա մեկը, ով իր անկյունը չունենա: Շատերն այս մեծ աշխարհում իրենց անկյունը գտել են օղու շշի հատակին (մի՛ զարմացիր. այն շատ խորն է), ոմանք` իրենց ձեռքով պատրաստված անդնդախոր դրամապանակների խորհրդավոր ու մթին ծալքերում (ես միշտ զարմանում եմ. գիտե՞ս, կարելի է հասկանալ այն մարդուն, ով դառնում է իր իսկ գերին, սակայն երբ դառնում ես քո իսկ ստեղծած թղթի կամ մետաղի կտորի գերին, ստրուկը, այդ արդեն չեմ կարող հասկանալ...), ոմանք էլ` իրենց իսկ մարմնի տարբեր մասերի: Իսկ ես ուզում եմ, որ դու ճիշտ ընտրես քո անկյունն այս աշխարհում: Օղու շշի հատակը, դրամապանակներն ու մարմնի այլևայլ մասերը... սրանք բոլորն էլ կգնան, կկորչեն, հավիտյան կվերանան:
Ես ուզում եմ, որ դու ընկերոջդ` դիմացինիդ սրտում գտնես այս մեծ աշխարհում քո փոքրիկ անկյունը: Ես վստահ եմ, սերը երբեք չի մեռնում: Այն մարդն, ով քեզ սիրեց, ում դու սիրեցիր, եթե մեռնի էլ, եթե դու էլ մեռնես, չքանաս (իսկ սա բոլորիս վերջն է), միևնույն է. ձեր սերը կապրի: Սերն անմահ է, քանի որ այն հենց Ինքն Աստված է` Քրիստոս: Եթե մենք` մարդիկս սիրեցինք իրար, ուրեմն իմացիր, որ մեր մեջ կա Աստված, իսկ սրանից բացի մեզ որևէ բան անհրաժեշտ չէ: Սերը բուժում է, գիտե՞ս... Երբևէ մտածե՞լ ես, թե ինչո՛ւ ենք մենք ձգտում հաղորդակցության, ինչո՛ւ ենք շփվում մեկս մյուսի հետ: Արդյոք կարո՞ղ ես առավոտյան արթնանալ, գնալ աշխատանքի, լուռ գործել, վերջացնել աշխատանքը, ձեռք բերել այն ամենն, ինչ անհրաժեշտ է կենդանի մնալու համար, հետո գալ տուն և միայնակ մնալ, այս ամբողջ ընթացքում առանց որևէ մեկի հետ շփվելու, առանց որևէ մեկին մի լավ խոսք ասելու և առանց որևէ մեկից լավ խոսք լսելու: Պատասխանն, իհարկե, բացասական է:
Սերն է մղում մեզ իրար հետ հաղորդվելու (չէ՞ որ քրիստոնեության մեջ իսկ այն, ինչ անում էին առաքյալները սիրո ճաշերի ժամանակ, հետագայում անվանվեց «Հաղորդություն»): Հաղորդակցությունը շնորհ է, որ տրված է մարդուն, դիմացինին օգնելու, դիմացինի դժվարություններին հաղորդակից լինելու և այդ դժվարությունները միասնաբար վերացնելու համար: Ուշադի՛ր եղիր և կտեսնես, որ այսօր քո կողքին այն մարդիկ են, ովքեր քեզ օգնել են դժվար իրավիճակներում, նեղությունների ժամանակ: Ուրախության ընկերները շուտ ցնդում ու վերանում են: Անշուշտ, չեմ բացառում նաև ուրախության հաղորդակից լինելը, սակայն պնդում եմ, որ մարդն ավելի կարիքն ունի տխրության, ցավի հաղորդակցի (պատահաբար չէ, որ մարդիկ շատ անգամ, թեկուզև ձևականորեն, սակայն իրենց ցավակցությունն են հայտնում միմյանց): Ուրախություն կիսելը շատ հեշտ է, այն ծանր չէ ոչ էլ անցանկալի, իսկ տխրությունը ոչ բոլորին է հաճելի:
Այս է ճշմարտությունը, հավատա՛: Մարդ արարածն իր գոյության ողջ ընթացքում սկսած այն ժամանակվանից, երբ հայտնաբերեց կրակը, մինչև մեր օրերը, երբ հայտնաբերեց ատոմային էներգիան, և սկսած այն ժամանակվանից, երբ պաշտում էր ամպրոպն ու հողը, մինչև քրիստոնեություն, միշտ էլ փնտրել է ճշմարտությունը, միշտ էլ ձգտել է հասնել կատարյալին: Իսկ կատարյալն այդ ճշմարիտ մեզ տրվել է արդեն: Ոչ թե մենք գտանք, այլ տրվեց մեզ: ՍԵՐ-ն է այդ, սիրելի՛ս: Սերն է ճշմարտությունը` Քրիստոս-Ճշմարիտը: Սրա միջոցով է, որ կհասնենք կատարելության, սիրո շնորհիվ է, որ կհասնենք Բարձրյալին: Իսկ սիրել, համենայն դեպս ինձ համար, նշանակում է զոհաբերել:
ՍԵՐ` ՔՐԻՍՏՈՍ, ՍԻՐԵԼ` ԶՈՀԱԲԵՐԵԼ:
Զոհաբերել ամենաթանկը` կյանքը:
Արևի ոսկեզօծ շողերը նազանքով խաղում են Սևանա պճնամոլ դիցուհու կապուտակ վարսերի հետ: Լիճն այսօր չափազանց խաղաղ է թվում ինձ: Քամի էլ չկա: Հեռվում` հորիզոնի վրա, երևում են ձկնորսների նավակները: Իսկ Սևանա վանքը, կղզու մենավոր գագաթին բազմած, լուռ ակնածանքով հայում է իր շուրջը...
Բարի լո՛ւյս, եղբա՛յր: Կարող ես զարթնել:
Սկսի՛ր նոր օրդ արևով ողողված, ջերմությամբ լցված ու սիրով արբեցած: Դե, գնացի, հուսով եմ շուտով կհանդիպենք:

Հավերժ քո`
Սեր-անմահություն

2 արտահայտվիր:

Աշոտ Սարգսյան комментирует...
18.06.2011, 16:58

Էսսե սիրո մասին ;)

Анонимный комментирует...
25.10.2011, 7:06

huzich er, Sery... 2006 t. sers mi pampushtov <> eghav mer erkri sahmani vra u dranic heto im bolor serery heracan u heranum en incnic caysor hogepes u fizikapes, inc mnac voch te oghu shishy, ayl hiastaputyuny u datarkvac zgacmunqneri ambary...Bayc inc het e Mi amehi zgacum Astvacayin sern u luysy!!!vor im mkhitarutyunn e, aprelu havaty, nory gtnelu huysy, vor inc ognum e havatal, vor anicyal chem...

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...