15.6.11

ԱՐԺԵ՞ ԴԱՌՆԱԼ ԱՂԱՆԴԱՎՈՐ /ՄԱՍ 4/

Տես նաև`

«ԱՂԱՆԴ» տերմինն այսօր ամենատարածվածն է «նոր կրոնական շարժումենրը» կարճ բնորոշող բառերից: Անվանեք այդ շարժումներն ինչպես կուզեք` հարանվանություն, դենոմինացիա, կոնֆեսսիա, կրոնական կազմակերպություն կամ մեկ այլ բան, անձամբ ես կգերադասեմ հաճախ օգտագործել սոսկ «աղանդ» կամ «աղանդավոր» բառերը` հարմարության, տարածվածության և կարճ լինելու, այլ ոչ գաղափարական տեսանկյունից: Առհասարակ «աղանդ» բառը հասարակության մեջ երկատված ազդեցություն ունի. ոմանք ատելություն են քաղում դրանից, զզված ու թթված դեմք ընդունում, անհանդուրժողականություն դրսևորում, մյուսները պաշտպանում են փոքրամասնական իրավունքները, խղճի և կրոնի ազատություն բարձրագոչում, ներկայացնում ու ներկայանում իբրև զոհ և հալածյալ: Անշուշտ, այս երկու ստվար բանակների կողմնորոշումների վրա իրենց ազդեցությունն ունեն մի շարք գործոններ, որոնց մասին «գաղափարակիրները» գուցե չեն էլ կասկածում, սակայն մի բան ակնհայտ է. մարդկանց աղանդների ծոցը քաշող ինչ-որ բան կա, որի հանդեպ անտարբեր չեն կարողանում մնալ ոչ աղանդավորները: Ահա այդ քարշակների դիտարկմանն է ուղղված փոքրիկ ակնարկների այս շարքը, որը ոչ այլինչ է, եթե ոչ սոսկ հեղինակիս մտահանգումների շարանը, մտքեր ու կարծիքներ, որոնք շատ հնարավոր է սուբյեկտիվությունից այն կողմ չանցնեն էլ, ուստի խնդրանքս է քեզ, ընթերցո´ղ, վիրավորական և անհարիր ոչինչ չնկատել այստեղ և շարքի հետագա գրություններում: Ամեն ակնարկի ավարտին պիտի խնդրեմ ուղղակի հարց ուղղես ինքդ քեզ . «Արժե՞ դառնալ աղանդավոր»:


SUPERMAN

«SuperMan»-ի կամ «Գերմարդու» մասին պատմող ֆանտաստիկ ֆիլմերից մանկությանս օրերից մի քանի վառ տպավորություններ են մնացել. շատ էի սիրում այդ կերպարին` ուժեղ, ամենակարող, անպարտելի... Նրան հաճախ կրկնօրինակում էի` մեջքիս որպես թիկնոց կարմիր ծածկոց գցելով և պատկերացնելով, թե սավառնում եմ երկնքով: Վստահ եմ բոլոր մարդիկ անխտիր մանկության օրերին ունեցել են իրենց ոգեշնչումների փոքրիկ կերպարները, որոնց ձգտել են նմանվել, որոնց ստեղծած երևակայական կերպարների մեջ տեղավորել են իրենք իրենց, երազել լինել ամենակարող, գերհզոր, մյուսներից տարբերվող:
Վերջերս մի հետաքրքիր միտք կարդացի` կապված մարդկային հոգեբանության հետ` «Եթե մարդը հավատում է, որ ինչ-ոչ բան է տեղի ունենում, ապա նրան իսկապես թվում է, որ դա կատարվում է»: Միտքն, ի դեպ, ուղղակիորեն կապված էր աղանդավորության հետ`իրենից շատ վտանգավոր քարշակ ներկայացնելով: Պատկերացրու դու հասարակ մի մարդ ես. ապրում ես, աշխատում կամ աշխատանք որոնում, ընտանիք պահում, կամ երիտասարդ լինելով քո ամենօրյա դասերի, քննությունների, սիրահարությունների մեջ ես... Կյանքում քեզ ոչինչ հեշտ չի տրվում, ոչ մի առանձնահատկություն չունես և չես տարբերվում ուրիշներից ոչնչով. նման վիճակում բացառված չէ, որ ինքդ քեզ հետ անկեղծ լինելով` կխոստովանես, որ դու անհաջողակի մեկն ես, ուղղակի մարդկային միջակություն... մենակ ես ու անօգնական:
...Անցնում ես եկեղեցու կողքով, բայց անտարբերորեն այն չես նկատում (թերևս նկատել ես միայն «կնունքի» կամ «հարսանիքների» ժամանակ, երբ 1-2 մոմ ես վառել` դրանով ամբողջացնելով ողջ հավատալիքդ): Հասնում ես շենքիդ բակ ու նկատում կողքի շենքի «տեր-տերին», ով իջնում է իր հնացած OPEL-ից (այստեղ խուսափում ես նրա հետ շփումից և անպայմանորեն հիշում ինչ-որ մեկի «Բենթլին». հիշողությունդ դժգոհությամբ հիշոցներ է ուղարկում «սևավորների» ուղղությամբ. ինչո՞ւ, որովհետև դու մեկ հեծանիվ էլ չունես, իսկ սրանք... իսկ Հիսուսը էշով էր շրջում...): Չես էլ նկատում ինչպես հասար տուն` հերթական անգամ չնկատելով  տանդ ամենաբարձր դարակին դրված ամենափոշոտ գիրքը` Նոր Կտակարանը, որը բացի կիսագրագետ տատիկիցդ ոչ ոք կյանքում չի կարդացել. «հնացած բան է, տո լավ է, հեքիաթներ են մեջը, մուլտը տեսել եմ»: Միացնում ես հեռուստացույցը, թթված դեմքով թերթում ալիքները` մեկ վայրկյան իսկ կանգ չառնելով «Շողակաթ» հեռուստաընկերության վրա: ... Գնում ես քնելու` չմոռանալով չաղոթել քնելուց առաջ: Հաջորդ օրը քեզ սպասվում է գրեթե նույն սցենարը. շրջում ես քաղաքով անտարբեր ամեն դրականի և բացասականի հանդեպ, և հանկարծ դիմացդ մի արկղ է հայտնվում, որի մեջ` SuperMan-ի զգեստները: Այդ պահից իսկ հասկանում ես, որ հնարավորություն ունես գերմարդ դառնալու, լինելու լավը, հաջողակ, մյուսներից տարբերվող, դիմացինի միջակությունը աչքը մտցնող: Հագնում ես զգեստները ու սկսում վազվզել փողոցով` երևակայելով որ թռչում ես, հավատալով այդ ամենին. չէ՞ որ քո հագին SuperMan-ի զգեստներն են (մարդիկ քեզ թարս են նայում, որովհետև «նախանձում են, մոլորված են, իրենք երբեք չեն զգացել ինչ բան է Գերմարդ լինելը»): Այսպես ապրում ես կյանքդ ու հնարավոր է, մի օր բարձրահարկի տանիքից ներքև թռչելուց 1-2 վայրկյան հետո միայն կհասկանաս, որ անկման օրենքն ու երկրի ձգողականության ուժը քեզ համար էլ են, դու Գերմարդը չէիր, չնայած որ «քեզ իսկապես թվում էր, թե դու SuperMan-նն ես որ կաս»:
Ինչո՞ւ այս երևակայական պատկերը ստեղծեցի, որովհետև մարդն այսօր թողած իրականը` ընկնում է երևակայականի, պատրանքայինի ետևից: Ասածս հատկապես վերաբերում է հոգևոր ոլորտին. կյանքում այնքան պահեր, դրվագներ ու առիթներ կան, երբ Աստված քայլ է կատարում դեպի փակուղի գնացող մարդը, ձեռք է մեկնում նրան` օգնելու, մխիթարելու, ճանապարհը ցույց տալու համար, սակայն... Ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, որ ավելի սիրում ենք ամեն բան պատրաստի, տաք և գեղեցիկ ստանալ միանգամից, քան ջանք գործադրել, աշխատել, պատրաստել, գեղեցկացնել... Ցավալին այն է, որ շատուշատ աղանդավորական կազմակերպությունների` իրենց շարքեր մարդ ներքաշելու տարբերակներից մեկը «Գերմարդ» դառնալու այդ պատրաստի բայց թվացյալ բաղադրատոմսն է... Երբ մարդը բավարար հասուն չի լինում հոգևոր արժեքների համար, դեռ չի կարողանում հստակ տարբերակել թացը չորից, նրա համար, ինչպես անապատում պապակվող բեդվինի համար մի կաթիլ կամ մեկ սրվակ ջուրը լեզվախոսությունների, մարգարեությունների և հայտնությունների տեսքով դառնում է կենսական կարևորություն ունեցող, մյուսներից տարբերվելու լավագույն միջոցը, SuperМan լինելու լավագույն միջոցը: Մտադիր էի երկար-բարակ խոսել աղանդավորների կողմից պրակտիկայում գերակտիվորեն կիրառվող այդ երևույթների մասին, սակայն նախկինում աղանդի մեջ հայտնված մի օրիորդի հետ այսօրվա զրույցս ինձ ստիպեց շատ չերկարել, չմտնել աստվածաբանական մեկնաբանությունների և պատմական քննարկումների մեջ:
Հասկացա մի բան միայն. մարդուն հրամցնում են այն, ինչը անհրաժեշտ է նրան համոզելու հարցի «իսկության» մեջ` ակամա ստիպելով երևակայել, որ նա գերմարդ է` տարբեր մյուսներից, նա՛ է իրական քրիստոնյան, ով ունի լեզվախոսության (անիմանալի և անհասկանալի լեզուներով խոսելու) շնորհ, մարգարեանալու շնորհ... Հոգ չէ, թե ինչ է ասում  Սուրբ Պողոս առաքյալը հեթանոս Կորնթոսի դարձի եկած քրիստոնյաներին կիրառվող հեթանոսական մնացուկ լեզվախոսության վերաբերյալ (Ա Կորնթ. 14 գլուխ), հոգ չէ, թե առաքյալը արգելում է կանանց խոսել եկեղեցում (Ա Կորնթ.14:34-35 ), հոգ չէ թե պատվիրվում է խոսել առանձին-առանձին և ամենաշատը 2-3 հոգով, այլ ոչ թե ամբողջ համայնքով (Ա Կորնթ. 14:27-28), հոգ չէ, որ ոչ ոք չի հասկանում քո խոսացած լեզուն և թարգմանող ու քննող էլ չկա քո խոսքերի համար (Ա Կորնթ. 14: 28-29). դու պետք է խոսես ու դրանով իսկ ցույց տաս, որ գերմարդ ես, Սուրբ Հոգի ես ստացել, իրական քրիստոնյա ես (երևի Պողոս առաքյալը ավելի քիչ էր հասկանում նման բաներից): Սարկազմիս ի պատասխան նոյն տեղում նույն Սուրբ Պողոսն ասում է. «եկեղեցու մէջ կամենում եմ հինգ խօսք խօսել խելքով, քան բազում խօսքեր՝ լեզուով» (Ա Կորնթ. 14:19) և այս է, որ Սուրբ Եկեղեցին որպես սկզբունք կիրառում է դարերի ընթացքում, որովհետև այդ ամենը պարտ է ծառայել «ի շինութիւն եկեղեցու» (ԱԿորնթ. 14:26):
Սա դեռ բավարար չէ. գերմարդ լինելու համար հույժ անհրաժեշտ է նաև ունենալ մարգարեանալու կամ հայտնություն ստանալու շնորհ: Հիիրավի Պողոս առաքյալը Կորնթացիներին շեշտում է, որ ավելի պատվելի է մագարեանալը քան լեզուներով խոսելը (Ա Կորնթ. 14:1-3), սակայն մարգարեություն ոչ այն իմաստով, ինչպես աղանդավորության մեջ հայտնվածներն են մեկնաբանում: Առհասարակ մարգարե բառը բազում նշանակություններ ունի (իմաստով հաճախ շատ մոտ): Իմաստների շարքում ամենատարածվածը «ապագան կանխատեսողն է»: Սա Հին Կտակարանի պատկերացումն է մարգարեի մասին, երբ Աստծո ընտրյալ եզակի մարդիկ (շեշտում եմ` եզակի մարդիկ` Եսայի, Ամոս, Ամբակում, Երեմիա, Դավիթ և այլն) տարբեր ժամանակներում պատգամներ են ստացել Աստծուց` խոսելու ժողովրդին Իր մասին և մարգարեանալ Մեսիայի` Փրկչի գալստյան վերաբերյալ: Ըստ Աստվածաշնչի Փրկիչը Քրիստոսն էր որ կար, Ով եկավ սրանից 2000 տարիներ առաջ և տվեց մարդկությանը փրկության հնարավորություն` Իր Հարությամբ ազատելով մեզ կորստից: Հիմա ինձ մոտ հարց է ծագում. ո՞վ կարող է այսօր մարգարեանալ ու ավելին ասել Քրիստոսի մասին, քան հենց ինքը Քրիստոսը իր Սուրբ Ավետարանի միջոցով... Վստահ եմ` շատերդ կասեք ոչ ոք: Այդ դեպքում էլ ի՞նչ են մարգարեանում SuperMan-ի պատրանքով խաբված մարդիկ: Այսօր ինձ համար պարզվեց, որ այլ բան են մարգարեանում` անձնական բնույթի հարցեր. ասենք մեկը աղոթքից հետո գալիս ու ասում է քեզ. «Ես կմարգարեանամ քեզ համար. վաղը քեզ գործնական առաջարկ են անելու»: Չգիտեմ այդ «մարգարեությունը» կկատարվի, թե ոչ, բայց նման «մարգարեները» Սուրբ Գրքում և առհասարակ անվանվում են ԳՈՒՇԱԿՆԵՐ ու ԿԱԽԱՐԴՆԵՐ, մարդիկ, որոնց քրիստոնեությունը չարի ծառաներ է անվանում: Ես համարձակություն չեմ ունենա այսօրվա «մարգարեներին»  սատանայի հետևորդներ անվանել, դա թող Աստված քննի, սակայն ընդունել, որ մարգարեությունը այս իմաստով անհրաժեշտ է քրիստոնյայի կյանքում, միանշանակ հրաժարվում եմ: Այ, եթե մարգարեություն ասելով հասկանայինք Աստծո Խոսքի, պատգամի տարածումն ու քարոզչությունը (սա «մարգարե» բառի իմաստներից մեկն է, ինչը և նկատի է ունեցել Պողոս առաքյալը), այդ հարցում առարկություն չէի ունենա, թե չէ հարևանուհիս մի օր հայտնվեց մեր տանը և ասաց, որ ինքը մարգարե է և ռենտգենի պես տեսնում է ինձ ու իմ կյանքը... Կամ մեկ այլ զավեշտալի դեպք. հարազատներիցս մեկի համար իրեն ծանոթ մի «Գերմարդ» նամակ էր գրել Աստծուն և փետրվարի 28-ին իբր ստացել էր նամակի պատասխանը... Այստեղ արդեն խախտվում է իրականի ու երևակայականի ամեն սահման: Նմանների համար Պողոս Առաքյալն ասում է. «Իսկ եթէ մէկը ինքն իրեն կարծում է մարգարէ կամ տէր՝ հոգեւոր շնորհի, թող իմանայ, թէ ինչ որ գրեցի ձեզ, Տիրոջ պատուիրաններն են։ Իսկ եթէ մէկն անգիտանայ դրանք, նա թող անտեսուի եկեղեցուց» (Ա Կորնթ. 14:38-39):
Ասածս այն չէ, թե լեզվախոսությունը միանգամայն խոտելի է (այս հարցը դեռ խոր ուսումնասիրման կարիք ունի), այլ այն, որ անիմալի լեզուներով խոսելը համարել գերմարդ լինելու, բացառիկ շնորհներով օժտված լինելու, ընտրյալ լինելու հատկություն, առնվազն միամտություն է: Միամիտ են նաև նրանք, ովքեր կարծում են, թե ճշմարիտ աղոթքը լեզվախոսությամբ է լինում… «Եթէ աղօթում եմ օտար լեզուով («օտար» ասվածն այստեղ անհասկանալի լեզուն է (հեղ.), իմ հոգին է աղօթում, բայց իմ միտքը անպտուղ է։ Իսկ արդ, ի՞նչ. պիտի աղօթեմ հոգով, պիտի աղօթեմ նաեւ մտքով։ Սաղմոս պիտի ասեմ հոգով, սաղմոս պիտի ասեմ եւ մտքով։ Ապա թէ ոչ, եթէ հոգով օրհնաբանես, նա, ով անգէտ մարդու վիճակում է, քո գոհաբանութեան ժամանակ ինչպէ՞ս ասի. «Ամէն» (14:14-16): Անձամբ ես գերադասում եմ «հինգ խօսք խօսել խելքով, քան բազում խօսքեր՝ լեզուով» և չլինել իմ աղոթքում շատախոս ինչպես հեթանոսները (Մատթ.6:7): Ավելին, այն որ հավատացյալը չի խոսում անհասկանալի լեզուներով, շնորհներից զրկված լինելու պատճառով չէ, այլ քանի որ այդօրինակ աղոթքը չի ծառայում Սուրբ Եկեղեցու շինությանը: 
Յուրաքանչյուր քրիստոնյա կոչված է գերմարդ լինելու, տարբերվելու և առանձնանալու իր վարքով ու բարքով, իր հավատքով ու շնորհով, լինելու «երկրի աղը» մարդկանց միջավայրում, լինելու «լույս» հասարակության մեջ, որի սնուցման աղբյուրը Աստված է՝ Ամենասուրբ Երրորդությունը: Նմանները կոչվում են ՍՐԲԵՐ. «Արդ, կատարեա՛լ եղէք դուք, ինչպէս որ ձեր երկնաւոր Հայրն է կատարեալ» (Մատթ. 5:48):
...Կյանքում այնքա~ն պահեր, դրվագներ ու առիթներ կան, երբ Աստված քայլ է կատարում դեպի փակուղի գնացող մարդը ձեռք է մեկնում նրան` օգնելու, մխիթարելու, ճանապարհը ցույց տալու համար, սակայն... 

Հ.Գ. Հիշեցի մեծ լուսավորիչ Աբովյանի խոսքերը. «Ա՜խ, լեզուն, լեզուն. լեզուն որ չըլի, մարդ ընչի՞ նման կըլի... Ձե՜զ եմ ասում, ձե՜զ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անումին մեռնի՜մ, ձեր արևին ղուրբա՜ն. տասը լեզու սովորեցե՜ք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցե՜ք»:
   

17 արտահայտվիր:

Artur комментирует...
17.06.2011, 10:26

Չինացիների նման խելոք ազգ չկա: Եզրակացությունները թողնում եմ ձեզ:
http://www.nytimes.com/2006/11/30/world/asia/30china.html?ref=religiouscults
http://topics.nytimes.com/top/reference/timestopics/organizations/f/falun_gong/index.html?inline=nyt-org
Տեսնես ինչու ԱՄՆ-ն չինացիներին օրը 20 անգամ նամակ չի գրում կրոնի ազատության վերաբերյալ? Մարդիկ կարիք չունեն ինչ որ բան ապացուցելու, եկել են այն եզրակացությանը որ այս կամ այն խումբը վտանգավոր է իրենց հասարակության, պետության համար, փակում են + մի 12 հոգու էլ սպանում են + լիդեռներին արտաքսում են կամ սպանում են:
Այս հոդվածում լավ բնորոշվում են աղանդների հիմնական բնութագրիչները.
http://www.helium.com/items/2046715-social-psychology-religious-cults-cult-psychology
Նյու Յորք թայմզ ով կարդում է, կիմանա թե ինչ լուրեր են լինում կրոնի բաժնում: Ֆրանսիան ընդհանրապես կրակն է ընկել իր հեղափոխությունից ի վեր, մադկային ազատությունները դնելով կենտրոնում աստվածային ազատության փոխարեն: Եհովայի վկաներից դեռ չպրծած հիմա էլ ընկել են սաենթոլոջիստների հետևից, մի 900.000 եվրո շտրաֆ են արել, բայց դե դրանք այնքան փող ունեն, Թոմ Կրուզ են կպցրել: All the missions are possible իրենց համար, ինչպես ասում են:
Այս տեմպերով որ շարունակենք հնկաստանի Սաի Բաբան էլ, մնացածն էլ կգան:
Ի միջիայլոց, առժեր ուշադրություն դարձնել Հայ Ռուս Գազարդի շրջակա տարածքին, քանզի կյանքի խոսքի տարածաշրջանի ամենամեծ շենքի կառուցումը արդեն ավարտվում է... Սա լուրջ խնդրի է...

ArturSrk комментирует...
17.06.2011, 10:34

Դե Հայաստանի մեկ տարվա բյուջեն ու ֆինանսը Չինաստանի մեկ ժամվա ցախսն էլ չի կազմի, որտեղի՞ց պետությանը այդքան «անկաշառություն»: Եվ հետո... ժողովուրդը թող լայն բացի աչքերը նախ, որ թացը չորից տարբերել կարողանա...

Beatle комментирует...
20.06.2011, 7:34

Հարգելի Արթուր Սարկավագ ժողովրդի աչքերը բաց անելու համար մենք կարող ենք մի քանի բան անել, սա իմ կարծիքն է.
1.Սովորեցնենք մարդկանց իրենց իրավունքները` քո ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսում է իմ իրավունքը, եթե մեր քաղաքացիները գիտակցեն պարզ ճշմարտությունը, աղանդավորները չեն համարձակվի փողոցներում մարդկանց անհանգստացնել, հետևաբար ավելի քիչ թվով մարդ կընկնի նրանց ծուղակը
2.կրոնի ազատությունը, ենթադրում է, որ յուրաքանչյուր ոք ազատ ա դավանելու այս կամ այն կրոնը, սակայն սա դեռ չի նշանակում, որ բանից անտեղյակ մարդուն քարոզելը օրինական է, հարգելիներս հիշեք ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՆ ՔԱՐՈԶԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԻՆ ՕՐԵՆՔՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՎՈՒՄ, այնպես որ եթե դուք անչափահաս եք կամ ձեզ հետ կա անչափահաս, առավել ևս երեխա, և ձեզ մոտենում են քարոզելու, հանգիստ կարող եք սպառնալ, որ ոստիկանություն կկանչեք: Ճանաչեք Ձեր իրավունքները, աղանդավորները իրենց իրավունքներն այնքան լավ գիտեն, որ հերիք է բերանդ բացես հավատքի ազատության մասին օրենքն են աչքդ մտցնում, իսկ մենք...

Artur комментирует...
20.06.2011, 12:29

Հարգելի Beatle
Երևում է օրենքներից տեղյակ եք: Խնդրում եմ ավելի մանրամասն գրեք թե դրանք որ հոդվածներն են, համարներով և համապատասխան հղումները ընդունված փաստաթղթերի համար (պետական պաշտոնական կայքերում կան սրանք):
Շնորհակալություն

ArturSrk комментирует...
20.06.2011, 12:49

Վերջերս վիրտուալ ընկերներիցս մեկը /ով կարծեմ իրավաբանության մեջ է մասնագիտացած/ ինձ փակուղի տարավ` հիմնավորելով, որ Հայ Առաքելական եկեղեցուն տրված որոշակի արտոնություններ գոյություն չունեն /չնայած ես գիտեի թե ունեն/, որովհետև դա կնկատվի որպես խղճի ազատության խտրականություն: Եթե հնարավոր է, ես կուզեի ցիտվեին նաև օրենքներ, որոնք խոսում են Առաքելական եկեղեցու օգտին` ի տարբերություն կրոնական շարժումների: Շնորհակալ եմ:

Beatle комментирует...
21.06.2011, 8:24

Ցավում եմ, բայց չունենալով իրավաբանական կրթություն, չեմ կարող ներկայացնել կոնկրետ հոդվածներ, սակայն օրենքին տիրապետում եմ այնքան, որ կարողանում եմ պաշտպանել իմ շահերը: Եթե հետաքրքրեց, կարող եք փնտրել կայքերում, վստահ եմ, որ կան այս օրենքները, մասնավորապես կարող եք փնտրելhttp ://www.arlis.am/ կայքում, այստեղ ներկայացված են բոլոր օրենքները:
Արթուր սարկավագ, իսկապես, խղճի ազատության մասին օրենքում ՀԱԵ-ն չի տարբերակվում կրոնական այլ կազմակերպություններից, սակայն իմ կարծիքով, մի կետ բաց է մնացել օրենքից և դրա հստակեցումը շատ հարցերի պատասխան կարող է տալ` օրենքում ասվում է, որ արգելվում է հոգևորսությունը, սակայն նշված չէ փողոցում քարոզելը, մարդկանց ուղեղները լվանալը հոգևորսություն չէ? Եթե դա էլ համարենք հոգևորսության տեսակ և արգելենք կարծում եմ Եկեղեցին դիվիդենտներ կշահի:

ArturSrk комментирует...
21.06.2011, 8:34

Անկեղծ ասած խնդիրը դիվիդենտ շահելու մեջ չէ, ուղղակի ես տեսնում եմ և գիտեմ, որ պետական կառույցներում /դպրոց, հիվանդանոց, բանակ, բանտեր, համալսարաններ/ Հայոց Եկեղեցին ունի իր ներկայացուցիչ-հովիվները և այդ տեղրում այսպես, թե այնպես քարոզչություն է արվում: Իսկ կրոնական տարբեր կազմակերպությունները կարծես այդ արտոնությունը չունեն, եթե ասենք բանակում,բանտում կամ հիվանդանոցում չի հայտնվել իրենց կազմակերպության հետևորդ անդամ: Շնորհակալ եմ:

Beatle комментирует...
21.06.2011, 10:39

Նման հասարակական կառույցներում, աղանդանվորները կարող են ներկայացուցիչ ունենալ, եթե տվյալ հաստատությունում իրենց աղանդի անդամներից դիմում ներկայացնեն պատկան մարմիններին, իսկ եթե, ասենք բանակում չկա աղանդավոր, ապա որևէ աղանդ իրավունք չունի ներկայացուցիչ ունենալ այնտեղ:
Ներեցեք, որ շեղվում եմ նյութից, բայց խնդրում եմ ասել, երբ է 40 մանկանց հիշատակության տոնը, մի գրքում եմ կարդացել, սակայն օրը չգիտեմ:
Շնորհակալություն:

ArturSrk комментирует...
21.06.2011, 10:46

40 մանկանց տոնը այս տար արդեն եղել է ապրիլի 2-ին. եթե չեմ սխալվում այն միշտ Դատավորի կիրակիին նախորդող շաբաթ օրն է լինում:

Artur комментирует...
21.06.2011, 13:41

Սա էլ այդ հրաշք օրենքը.
http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=62

Համար Ն-0333-I Հոդված 8. Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է հոգևորսությունը: Որպես հոգևորսություն չի կարող դիտվել սույն օրենքի 7 հոդվածում նշված իրավասությունների սահմանում ծավալված որևէ գործողություն:

Այսինքն 7 հոդվածից դուրս ամեն ինչ կարող է դիտվել որպես հոգևորսություն: Եվ քանի որ այն սահմանված չէ, ուրեմն թողնված է սուբեկտիվիզմի բախտին: Կարելի է օգտվել այդ բացթողումից :Դ

Սա միայն մեկ կետ էր, որ ուշադիր կարդաք, ահագին հետաքրիր ինֆորմացիա կգտնեք և կարծում եմ այդ բացթողումները կարելի է շատ լավ օգտագործել:

Artur комментирует...
21.06.2011, 14:01

Հոդված 13. Այն կրոնական կազմակերպությունները, որոնց հոգևոր կենտրոնները գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, չեն կարող ֆինանսավորվել այդ կենտրոնների, ինչպես նաև դրսում գտնվող քաղաքական կազմակերպությունների կողմից:

Ինձ մի այսպիսի հարց է հետաքրքրում: Ինձ հետաքրքիր է, թե որ մարմինն է հսկում, որ այս օրենքը գործի և արդյոք գործում է: Բազմիցս մասմեդիայով կամ որոշ քննարկումների ընթացքում լսում ենք, որ սրանք ֆինանսավորվում են դրսից,անգամ Թուրքիայից էլ կան ֆինանսավորվողներ: Այս խոսքերին կրոնական կազմակերպությունները ոչ մի պատասխան չեն տալիս և ուղղակի լռում են: Ահագին մտածելու տեղիք է տալիս: Արդյոք չկան ապացույցներ...

Beatle комментирует...
21.06.2011, 19:03

Արթուր ջան օրենքի ացթողումից կարծում եմ չենք կարող օգտվել, որքանով, որ ուշադիր եմ կարդացել օրենքը 7-րդ հոդվածում նշված չի փողոցում քարոզելու մասին որևէ բան, սա էլ աղանդավորները օգտագործում են իրենց օգտին ու քարոզում:
Ինձ օրենքում մի ուրիշ կետ հետաքրքրեց, այն որ կրոնական կազմակերպությունը կարող է գործել, եթե ունի սուրբ գիրք, խնդրում եմ ասեք, արդյոք նրանց ունեցած սուրբ գրքի հիմքը մեր Աստվածաշունչը չէ, և եթե այո, իմաստը որն է նրանց, որպես կրոնական կազմակերպություն արտոնելու?

Mariam комментирует...
30.07.2011, 17:31

http://www.facebook.com/wolarmisnotasect
պայքարի ձև է նաև իրենց (կյանքի խոսքի) կանոնադրության ամեն մի հոդվածի մեջ սխալ և թույլ տեղը բացահայտելը, ես համոզված եմ, որ կեղծիքի մեջ հեշտ կլինի գտնել մեծագույն կեղծիքը, որը գուցե և կասկածի մեջ կգցի շատ կուրորեն հավատացողների:
Իսկ հոդվածի մասին ահա թե ինչ եմ նկատել, ընդհանրապես, երբ մի որևէ ֆիլմի կամ մուլտֆիլմի 2.3.4-րդ սերիաներն են նկարահանում, հասարակության կարծիքը միշտ այսպիսինն է լինում, "Մեկա ամենահաջողվածը ԱՌԱՋԻՆ սերիան էր", իսկ հոդվածների մասին ճիշտ հակառակը կասեի. մեկը մյուսից լավն է, հաջողված, դիպուկ, ճիշտ ժամանակին մատուցված, և, ամենակարևորը, սրտիցս բխող, և ոչ միայն իմ:
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ

ArturSrk комментирует...
02.08.2011, 14:46

Իրականում ես պետք է շնորհակալ լինեմ և եմ...

ArturSrk комментирует...
11.08.2011, 8:59

Beatle ջան, ներիր, չեմ հասկանում գրածդ ինչպես է աչքիցս վրիպել, որ չեմ պատասխանել:
Շատ բան չեմ կարող ասել Սուրբ Գրքի հետ կապված օրենքի մասին: Գիտեմ որ Սուրբ Գիրքը հիմնականում նույնն է քրիստոնեական աղանդների մեջ մեկ տարբերությամբ, որ նրանք որպես կանոն օգտագործում են այսպես կոչված բողոքական տարբերակով Աստվածաշունչ որի Հին Կտակարանում ի տարբերությու մեր կիրառածի 9 գիրք պակաս է: Չեմ խորանում տեքսատաբանական տարբերությունների մեջ: Էլ չասեմ որ Մորմոնների ր Եհովայի վկաների սուրբ գրքերը միանագամայն խեղաթյուրած են բովանդակային առումով:

Srk. комментирует...
14.08.2012, 14:06

Armine Barseghjan - Facebook

ՉԱՐԺԵ, բայց արժե չկորցնել ինքնությունը. նման դեպքերում պետք է գալիս.

Srk. комментирует...
14.08.2012, 14:07

Aren Davoyan - Facebook

աչքերդ բաց արեք, ֆեյսբուկում ինչքան աղանդավոր կա աշխատում են նախարարություններում, նրանց հովանավորում են ամենաբարձր մակարդակով

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...