27.5.11

ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ

Մայիսն իմ ամենասիրելի ամիսն է: Հստակ չեմ հասկանում` ինչո´ւ է այդպես. հավանաբար մայիսյան մեղմ եղանակն եմ սիրում, բնության վերջնական վերազարթոնքը, այն որ սիրտս վերստին ու նորովի սիրահարության է ձգտում սիրելիիս հանդեպ...
Նկարը այստեղ
Միևնուն ժամանակ մայիսն իմ ու ժողովրդիս ոգևորությունների, ազնիվ հպարտության ամիսն է, «հաղթանակների ամիս»` դրոշակ ազատության և պայքարի «վասն հաւատոյ և վասն հայրենեաց» (երեկ ի դեպ Ավարայրի ճակատամարտի պատմական օրն էր` մայիսի 26-ը): Վաղը` մայիսի 28-ին, Հանրապետության տոնն է` հայոց երազանքի իրականացման, պետականության հաստատման տոնը: 
Այս առթիվ ցանկացա հանրությանը ներկայացնել «Էջմիածին» ամսագրում (2009, Ե) Պետրոս Հովհաննիսյանի տպագրած փոքրիկ հոդվածը Հայաստանի Հանրապետության գլխավոր սիմվոլներից մեկի` դրոշի վերաբերյալ, մանավանդ որ դրոշակի պատմության ակունքները հասնում են ոչ այնքան հեռավոր 1918թ. մայիսի 28-ով ստեղծված Հանրապետություն, մանավանդ որ մոտ 20 օրից` հունիսի 15-ին ՀՀ Պետական Խորհրդանիշների տոնն է: 
Աստված թող ամուր ու անսասան պահի մեր հայրենիքը ու մեր ժողովրդին` լցնի անսահման օրհնություններով, լավատեսությամբ ու հավատքով:

 Հայաստանի Հանրապետության պետական դրոշի Մարտիրոս Սարյանի նախագիծը

Հայաստանի Հանրապետության հռչակումը (28 մայիս, 1918 թ.) կարևոր նշանակություն ունեցավ հայկական նորոգ պետականության կերտման գործում: Շուրջ 500 տարի հայ ժողովուրդը զրկված էր պետականությունից և մայիսի 28-ի ակտով հնարավոր է դառնում նորովի կերտել պետական կառույցներն ու խորհրդանիշները:
Հանրապետության խորհրդանիշներն սկսվել են օգտագործվել դեռևս մինչև դրանց պաշտոնապես հաստատումը: Այդ տեսակետից հատկապես հատկանշական է պետական դրոշի ընդունման հետ կապված իրողությունները: Հայտնի է, որ Հայաստանի Հանրապետության պետական դրոշը չի հաստատվել պետական մարմինների՝ խորհրդարանի և կառավարության կողմից, սակայն սկսել է օգտագործվել դեռևս 1918 թ. երկրորդ կեսից:
Իրադարձություններին քաջատեղյակ և դրանց բոլորից մոտ կանգնած Հայաստանի Հանրապետության երբեմնի վաչապետ Սիմոն Վրացյանը վկայում է, որ պետական դրոշը ընդունվել է 1918 թ. հուլիսին՝ Թիֆլիսի և Երևանի Ազգային խորհուրդների` Երևանում կայացած միացյալ նիստում` վերջնական հաստատումը թողնելով Սահմանադիր ժողովին: «Դրոշակի ձևի և գույնի շուրջ,- գրում է Ս. Վրացյանը,- եղան բավական երկար խորհրդակցություններ. ի նկատի առնվեցին Հայոց պատմական դրոշակները, լսվեց հայկաբան Ստ. Մալխասյանցի հիմնավորված զեկուցումը հայկական դրոշակի մասին և, ի վերջո, որոշվեց ընդունել հորիզոնական կարմիր, կապույտ ու նարնջի երեք գույները՝ պայմանով, որ վերջնական հաստատումը կատարվի Սահմանադիր ժողովի կողմից, որը պետք է գումարվեր Հայաստանի երկու հատվածների միացումից հետո:
Ի՞նչ բովանդակություն կամ խորհուրդ էր դրվում այդ գույների կամ դրոշակի ամբողջության մեջ:
Առանձին պատգամավորներ իրենց մտքում ունեին, անշուշտ, որոշ բացատրություն, ոմանք ճառով էլ արտահայտվեցին, բայց Հայաստանի խորհուրդն այդ մասին որևէ որոշում չտվեց, և դրոշակն իր ամբողջության մեջ, գույների ընտրությունն ու դասավորությունը, ավելի շուտ, արդյունք էր քվեարկության պատահականության:
Պատգամավորների մի մասի կողմից մասնավոր առարկություն էր լսվում, գլխավորապես գործնական տեսակետից, նարնջագույնի դեմ, Հայաստանում դժվար էր այդ գույնի կտոր գտնել: Առաջարկում էին փոխարենը դնել կանաչ գույնը. ոմանք փաստ էին բերում, որ կանաչը մեր պատմական գույներից մեկն է: Բայց նարնջի գույնը առանձնապես պաշտպանում էր Հովհաննես Քաջազնունին, որը ղեկավարում էր սոսկ գեղասիրական նկատումներով. կարմիրի, կապույտի և նարնջագույնի ներդաշնակությունը դուր էր գալիս նրան:
Կային, սակայն, հայկական եռագույնի մեջ և գաղափար ու խորհուրդ դնողներ: Այդ գույները, կարծես, բխում էին մեր կյանքից, խորհրդանշում էին հայ պետականության ծագումն ու ապագան: Կարմիրը հայ ժողովրդի թափած արյունն էր, կապույտը՝ Հայաստանի կապույտ երկինքը և նարնջի կամ ոսկու գույնը՝ խտացումը մեր աշխատանքի: Հայ ժողովուրդը, որ արյունով էր ձեռք բերել իր ազատությունը հայրենի կապույտ երկնքի տակ իր համբավավոր աշխատասիրությամբ՝ պիտի վերաշիներ երկիրը և ապրեր ազատ ու երջանիկ…»* :
Այսպիսով, Թիֆլիսի և Երևանի Ազգային խորհուրդների միացյալ նիստի մասնակիցների քվեարկությամբ է, որ հանրապետության պետական դրոշն ունենալու էր հորիզոնական կարմիր, կապույտ ու նարնջի երեք գույները: Հայաստանի Հանրապետության պետական դրոշն առաջին անգամ բարձրացվել է 1918 թ. օգոստոսի 1-ին խորհրդարանի շենքի գլխին՝ Հայաստանի խորհրդի բացման օրը: Բայց նարնջի գույնի կերպասի առկայությունն այն ժամանակների Երևանում անհնարին էր ապահովել: Ելքը փորձել էր հուշել ներքին գործոց նախարար Արամ Մանուկյանը: 1918 թ. սեպտեմբերի 19-ին նա շրջաբերական հրահանգ է ուղարկել պետական կառավարման հիմնարկություններին՝ ունենալ և կրել «Հանրապետության դրոշակ հետևյալ գույներով, ըստ կարգի վերևից ներքև՝ կարմիր, կապույտ, դեղին»**:
Վերոշարադրվածը վստահորեն ցուցում է, որ Հայաստանի Հանրապետության պետական դրոշը եղել է ժամանակավոր, իսկ վերջնական հաստատումը թողնվել է Սահմանադիր ժողովին***: Բնականաբար, պետական դրոշի վերջնական տարբերակի վերաբերյալ եղել են ոչ միայն խորհրդակցություններ, այլև խոսակցություններ, առաջարկություններ : Այս տեսանկյունից հետաքրքրությունից զուրկ չէ հայ նշանավոր նկարիչ Մարտիրոս Սարյանի խորհրդածությունները, որ ստորև ներկայացնում ենք մեր ընթերցողներին: Իր տեսակետները Հայաստանի պետական դրոշի գույների և դրանց հերթականության մասին նա հատուկ նամակով փոխանցել է հանրապետության վարչապետ Ալեքսանդր Խատիսյանին:
Նամակը, որ գրված է ռուսերեն 1919 թ. հուլիսի 3-ին Նոր Նախիջևանից, արդեն հրատարակվել է նկարչի թոռնուհու՝ Ռուզան Սարյանի կողմից****: Ցավոք հրապարակումը չի ուղեկցվել Մարտիրոս Սարյանի երեք ջրաներկ պատկերների (դրոշի) վերատպումով: Կարծում ենք,որ դա ավելորդ չէ: Մեր մշակույթի մեծերից պահպանված յուրաքանչյուր տող, էսքիզ, սևագիր նոթ և այլն իրական մասունքի արժեք ունի, ինչպես օրինակ` Լեոնարդո դա Վինչիից ու Պիկասոյից կամ Չարենցից ու Թումանյանից, Ադոնցից ու Իսահակյանից հրաշքով փրկված հիշատակները: Այս նկատառումով է, որ հրատարակում ենք Մարտիրոս Սարյանի առաջարկած Հայաստանի պետական դրոշի էսքիզներն ու խմբագրական առանձին միջամտություններով՝ Ալ. Խատիսյանին ուղղված նամակը***** :

Մեծարգո Ալեքսանդր Իվանովիչ,
Մոտ մեկ ամիս առաջ զեկուցման համար այստեղ էր եկել Հայաստանի ներկայացուցիչ, Հայոց խորհրդարանի անդամ Մարտիրոս Հարությունյանը: Իմիջիայլոց, ես նրանից եմ իմացել մեր ազգային դրոշի մասին, որը խորհրդանշում է ծիածանը: Գաղափարը բոլոր առումներով հանճարեղ է: Հրաշալի խորհրդանիշ է: Սակայն Մարտիրոս Հարությունյանի խոսքերից իմացա, որ դրոշը վերջնականապես մշակված չէ, և ես՝ որպես նկարիչ, համարձակվում եմ անել մի քանի առաջարկություններ:
 Ծիածանի հիմնական գույները հետևյալն են՝ կարմիր, դեղին և կապույտ, իսկ լրացուցիչներն են՝ նարնջագույնը, կանաչը և մանուշակագույնը: Ընդամենը վեց գույն, հետևյալ հերթականությամբ` 

կարմիրնարնջագույնդեղինկանաչկապույտմանուշակագույն:
  
Գույների նման հերթականությունը թողնում են ծիածանի ամբողջական տպավորություն, և ինձ թվում է, թե հենց այդպիսին պետք է լինի Հայաստանի դրոշը:
Մարտիրոս Սարյանի էսքիզները
      Եռագույն դրոշներ ընդհանրապես բավականին շատ կան: Գույություն ունի նաև Դոնի բանակի կապտա-դեղնա-կարմիր դրոշը:
Իմ կարծիքով, մեզ՝ որպես արևելյան ժողովրդի, չափազանց կպատշաճեր բազմագույն դրոշը, որն ի հայտ է բերում ինքը` չքնաղ և հավերժ գեղեցիկ ծիածանը:
Նամակին կցում եմ երեք ջրաներկ պատկերներ, որտեղ ամեն ինչ պարզ է:
Ալեքսանդր Իվանովիչ, դիմելով Ձեզ, որպես հին հասարակական գործչի և կրթված մարդու, որ գլխավորում է մեր կառավարությունը, հուսով եմ, որ Դուք անուշադրության չեք մատնի դիտողություններս և Ձեր ուժերի ներածին չափով ծիածանով կկամարեք մեր տանջված և սիրված Հայրենիքը:   

                                                                        Անկեղծորեն Ձեզ նվիրված՝
նկարիչ Մարտիրոս Սարյան

1919 թվական
31 հուլիսի
Դոնի Նախիջևան
1-ին Սոֆիևսկայա, 27
* Ս. Վրացյան, Հայաստանի Հանրապետություն, Թեհրան, 1982, էջ 183:
** Ա. Վիրաբյան, Ինչպես են ընտրվել Հայաստանի առաջին Հանրապետության պետական խորհրդանիշերը, տե՛ս «Հայաստանի Հանրապետություն», օրաթերթ, 2006:
*** 0,Հայկական դրոշակներ և զինանշաններ, Բեյրութ,1966, էջ 47-48 :
**** Մարտիրոս Սարյան, Նամակներ, հատ. I (1908-1928), տեքստերը պատրաստեց, կազմեց, խմբագրեց և առաջաբանը գրեց Ռուզան Սարյանը, Երևան 2002,էջ 216:
***** Բնագիրը տե՛ս ՀՀ Ազգային արխիվ, ֆ. 200, ց. 1, գործ 35, թ. 138, 139, 140:

6 արտահայտվիր:

Nene комментирует...
28.05.2011, 10:40

Շատ թեմատիկ հոդված էր...Ուրախ եմ, որ ծանոթացա մեր դրոշի ստեղծման նախնական մտորումներին, բայց ուրախ եմ, որ վերջնական տարբերակը ԵՌԱԳՈՒՅՆՆ է` ԿԱՐՄԻՐ, ԿԱՊՈՒՅՏ, ԾԻՐԱՆԱԳՈՒՅՆ ասում ենք ՎԵՐՋ կյանքին անգույն...
Կցանկանայի, որ գույների հիմքում ընկած խորհուրդները իրոք մեր հայրնեքին ավետեն խաղաղություն, միասնություն և բարեկեցություն:
Շնորհակալություն...

ArturSrk комментирует...
28.05.2011, 18:59

Ես էլ եմ էսօրվա եռագույնը շատ սիրում: Շնորհակալ եմ մեկնաբանության համար:

ArturSrk комментирует...
28.05.2011, 20:57

Պատկերացնում եմ, թե ինչ երգ կգրեր Ավետ Բարսեղյանը, եթե «ԿԱՐՄԻՐ, ԿԱՊՈՒՅՏ, ԾԻՐԱՆԱԳՈՒՅՆԻ» փոխարեն դրոշը լիներ ծիածանի գույներով :))))

Анонимный комментирует...
28.05.2011, 20:59

Շատ լավն էր, իսկապես, ապրես, Արթուր սարկավագ ջան, քո բլոգում շատ հաճելի ու բովանդակալից միջավայր է:

Artur комментирует...
28.05.2011, 23:28

Ինչ լավ է, որ Սարյանի առաջարկը չի ընդունվել: Երեք գույնը քիչ է, մնում են մնացած երանգները: Լրիվ ծիածան ժողովուրդ կդառնայինք :) Եռագույնը մերն է, դրա համար սիրում եմ: Հոդվածը հետաքրքիր էր: Շնորհակալություն:

Анонимный комментирует...
15.10.2014, 10:58

Մեր Եռագույնը մէր էության արտացոլումն է, ինչպես մեր հպարտ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒՆ, - ինչո՞ւ ենք այն աղավաղում գրելով ոչ գրական,օրինակ- էսքան,էնքան,սաղ,ստեղ,ընդեղ,գալիս ա,գնում ա եւ իհարկե բազմաթիվ անհակի օտարածին բառեր: Պաշտելի են մեր դրոշն ու լիզուն...պահենք մաքուր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...