2.5.11

ԽՈՐՀՈՒՐԴ ԱՊԱԳԱ ՄԱՅՐԵՐԻՆ

Կարո՞ղ եք արդյոք երևակայել, որ ամենապարզ, առաջին դասարանցուն անգամ հայտնի մաթեմատիկական գործողությունը՝ 1+1, արդյունքում հավասար լինի մեկի: Թերևս սա անհեթեթություն է գիտակցության համար, սակայն ոչ այն պարագայում, երբ գիտակցության կրողը քրիստոնյա է: Անգլիայում՝ Քեմբրիջի համալսարանում գտնվող մի հին ձեռագրում, պահպանվել են ավետարանական բովանդակությամբ պատառիկներ, որոնք չեն մտել Աստվածաշնչի՝ այսօր մեզ հայտնի տեքստի մեջ: Այդ պատառիկներից մեկում պատմվում է, թե ինչպե՛ս Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, հարց են ուղղում, թե ե՛րբ կգա Աստծո Արքայությունը, Նա պատասխանում է. «Աստծո Արքայությունն արդեն իսկ եկել է այնտեղ, որտեղ երկուսը այլևս երկուս չեն, այլ՝ մեկ…»: Խոսքը քրիստոնեական ընտանիքի մասին է, ուր Պսակի Սուրբ խորհրդով (խորհուրդները, որոնք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում 7-ն են, հոգևոր-ծիսական արարողություններ են, որոնց շնորգիվ մարդ արարածը բացառիկ հնարավորություն է ունենում փոխհարաբերության մեջ է մտնել Աստծո՝ Սուրբ Երրորդության և Նրա շնորհների հետ) 2 առանձին էակներ՝ տղամարդ և կին, միավորվում են աստվածային օրհնությամբ ու շնորհով՝ դառնալով մի (1+1=1). «…երկուսը մեկ մարմին պիտի լինեն» (Մատթ. 19:5):
Շատ գեղեցիկ ու դիպուկ է տղամարդու և կնոջ միությունը բնորոշում Պողոս Առաքյալը (Եփես. 5:21-33). նա, տղամարդուն համեմատելով Քրիստսի հետ, իսկ կնոջը՝ Եկեղեցու (Եկեղեցի բառի ընդգրկուն իմաստով՝ որպես քրիստոնյա հավատացյալների միություն և ոչ սոսկ քարեղեն կառույց), ամուսնության Պսակը նմանեցնում է այդ երկուսի՝ Քրիստոսի և Եկեղեցու անխախտելի սիրո վրա հիմնված միությանը: Այս պատճառով է, որ քրիստոնյա ընտանիքը դեռևս քրիստոնեության գոյության առաջին դարերից անվանվել է «առտնին» (Հռոմ. 16:5)՝ տնական, փոքր եկեղեցի: Եվ, բնականաբար, ինչպես Եկեղեցում առհասարակ, այնպես էլ այս մասնավոր եկեղեցում, անշուշտ, պետք է իշխող լինեն սերը, միությունը և աստվածպաշտությունը բառի լայն իմաստով, ընտանեկան կողմերից յուրաքանչյուրը պետք է կրողը լինի ճշմարիտ քրիստոնեական այն ջահի, որի անունն է հավատք: Այդքան շոշափված 1+1=1 բանաձևը ընտանիքից ներս իրականություն է դառնում մեկ այլ՝ արդեն տեսանելի հանգամանքով ևս. հանգամանքն այդ մի հրաշք երևույթ է, աննկարագրելի բերկրանք ու երջանկություն, որ կոչվում է երեխա՝ զավակ: Մարդն ի սկզբանե օժտված է աստվածանմանությամբ. դրա արտահայտիչ միջոցներից է նաև այն, որ մարդիկ արարող ու ստեղծող են հանդիսանում՝ շնորհ ունենալով ստեղծել իրենց նման մարդ արարածներ՝ երեխաներ (հմմտ. Ծննդ. 1:28): Թերևս սխալված չենք լինի, եթե ասենք, որ «մարդ ստեղծելու» գործընթացում շատ ավելի նշանակալից դեր է հատկացված իգական կողմին՝ մորը, ով հանդիսանում է մանկան իննամսյա կրողը, նրա առողջության երաշխավորն ու ծննդաբերողը, մի խոսքով միանձնյա (իհարկե չենք բացառում տղամարդու՝ հոր կարևորագույն նշանակությունը) կառավարողը մի երևույթի, որ կոչվում է մայրություն: Բոլորին է հայտնի, թե ի՛նչ դժվարություններով է լեցուն հղության իննամսյա շրջանը, ինչպիսի տագնապներ և անհանգստություններ է այն պատճառում ապագա մայրերին: Այսօր աշխարհում կանանց 60%-ը խուսափում և հրաժարվում է հղանալ՝ վախենալով ծննդաբերության ցավերից, անառողջ ու խեղված երեխա լույս աշխարհ բերելու և լավ մայր չլինելու վտանգից, համապատասխան սոցիալական պայմաններ ապահովելու անկարողությունից և սեփական արտաքինի ու կառուցվածքի հնարավոր փոփոխությունից: Նման ոչ հիմնավորված պատճառաբանություններն էլ հաճախ առիթ են դառնում այնպիսի սարսափելի մեղքի, ինչպիսին արհեստական վիժեցումն է՝ միջազգային  բառով ասած՝ աբորտը Այս երևույթն այսօր դատապարտելի է թե՛ պետական-քրեական, թե՛ հոգևորաստվածաբանական տեսանկյուններից (չնայած որոշ երկրներ այն պետականորեն թույլատրելի են համարում՝ անտեսելով կյանքի իրավունքին առնչվող դրույթները): Հայաստանի Հանրապետությունում Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասի համաձայն այն արարքը, որը մեկ ուրիշին զրկում է կյանքից ապօրինաբար և դիտավորությամբ, կոչվում է սպանություն, ուստի աբորտը իր ձևի մեջ սպանություն է: Ճիշտ է, բարոյագետները մինչ օրս վիճում են, թե ո՛ր պահից սկսած է սաղմը մարդ համարվում, սակայն Եկեղեցին հակված է այն մտքին, որ արական և իգական սերմերի միավորման (զիգոտի ձևավորման) պահից իսկ առաջանում է մի նոր էակ (1+1=1)՝ ում վրա արդեն Աստված փչել է կենդանության շունչը (հմմտ. Ծննդ. 2:7): Կարո՞ղ ենք արդյոք ասել, որ երբ Աստվածամայրը՝ Մարիամ Կույսը հղացավ Սուրբ Հոգուց, ապա մինչև որոշակի պահ՝ մի քանի օր կամ շաբաթ, նրա արգանդում եղած սաղմը մարդ և Աստված չէր: Անկարելի է: Հովհաննեսի Ավետարանում Ավետարանիչ Առաքյալը հայտարարում է, որ յուրաքանչյուր կյանք առաջանում է Աստծո Խոսքի՝ Քրիստոս Որդու արարչական ներգործությամբ. «Ամեն ինչ նրանով (Քրիստոսով - Ա.Ս.) եղավ և առանց նրա չեղավ ոչինչ, որ եղել է: Կյանքը նրանով էր» (Հովհ. 1:3-4): Ուստի այն սաղմը, որն արդեն գոյություն ունի, մեկն է, ում համար նույնպես Քրիստոս խաչի մահով զոհվել՝ պատարագվել է, մեկն է, ում Աստված սիրում է այնքան, որքան տարիքն առած մեկին կսիրեր:
Այս դեպքում հարց է առաջանում. ինչպե՞ս վարվել առկա վախերի և անցանկալի դժվարությունների հետ: Դժվարություններ միշտ էլ կլինեն, քանի որ չարչարանքով, համառ աշխատանքով խնամված ծառն է առողջ, աչքին հաճելի և համեղ պտուղ տալիս, սակայն գոյություն ունեն մի շարք միջոցներ, որոնց շնորհիվ կարելի է հաղթահարել վախերն ու դժվարությունները: Գաղտնիք չէ, որ առողջ զավակ ունենալու համար հղության շրջանում (և դեռ դրանից առաջ և հետո էլ) մոր առջև որոշակի պարտադիր պայմաններ են դրվում, ինչպես ասենք՝ ծանրություն չբարձրացնել, չծխել, ոգելից խմիչք և թմրամիջոցներ չօգտագործել, չնյարդայնանալՍա ամենևին էլ պատահական չէ: Հայտնի է, որ մայրը և պտուղը իրար կապված են ֆիզիոլոգիապես և հոգեպես: Այսօր այդ հարցերով է զբաղվում Պրենատալ (ներարգանդային) շրջանի հոգեբանությունը: Ըստ այս նոր զարգացող գիտական ճյուղի ուսումնասիրությունների՝ վերոնշյալ պայմաններից անգամ մեկի խախտումը կարող է հանգեցնել ցավալի ֆիզիոլոգիական հետևանքների. երեխան կարող է ծնվել խեղված կամ հետագա կյանքի համար լինել դյուրագրգիռ ու նյարդային, իմունալ թույլ զարգացվածությամբ: Շատ ավելի անդառնալի արդյունքների կարող են հանգեցնել հոգեբանական ազդեցությունները: Օրիանկ՝ հոգեբանները նկատել են, որ որոշ երեխաներ առանձնանում են հասարակությունից, ձգտում օտարման և միայնության, ինչպես նաև ունենում են բացասական հուզական վերաբերմունք ծնողների հանդեպ: Պարզվել է, որ նման երեխաների մայրերը, որպես կանոն, հղության շրջանում չեն ցանկացել լույս աշխարհ բերել իրենց զավակին: Նման բացասական հետևանքների  պատճառ են հանդիսանում նաև ներընտանեկան վիճաբանությունները (դրանց ժամանակ պտուղը սկսում է անհանգիստ շարժվել, կնճռոտում ու փակում է դեմքը, սիրտն սկսում է արագ բաբախել), վիժելու և ոչ առողջ երեխա լույս աշխարհ բերելու վախը (սրա արդյունքում ծնված երեխան անհանգիստ է լինում քնի մեջ և տագնապային վիճակի մեջ հաճախ է ընկնում) և այլն:
Համառոտ այս բնութագրումը բավարար է ապացուցելու համար մոր և պտղի միջև հոգեկան-ֆիզիոլոգիական կապի առկայությունը, ուստի որքան որ հղության շրջանում մոր սխալ վարմունքը, անզգույշ քայլը կարող է վնասել մանկանը, նույնքան էլ ճիշտ և մտածված քայլերը կարող են օգնել առողջ և հոգեպես կայուն զավակ ունենալուն: Հոգեբանները բարենպաստ ազդեցությունների թվին են դասում օրինակ՝ երաժշտություն ունկնդրելը՝ չմոռանալով ընդգծել ճիշտ երաժշտության ընտրությունը: Ի տարբերություն ծանր ռոք երաժշտության բացասական և ագրեսիվ հնչյունների, մեղմ և հատկապես դասական երաժշտությունը ունի հանգստացնող և անգամ ապագա մանկան լսողական ունակությունները զարգացնող հատկություն: Փորձ կատարելով՝ հոգեբանները պարզել են, որ երբ լացող նորածնի ներկայությամբ միացնում են այն երաժշտությունը, որը նրա մայրը հաճախ է լսել հղության շրջանում, նորածինը դադարեցնում է լացը: Օգտակար է դիտվում նաև զրուցելը դեռևս չծնված երեխայի հետ, մայրական որովայնը շոյելը և որովայնին ժամանակ առ ժամանակ թեթև թխկթխկացնելը. այս աննշան թվացող կարևորությունները նպաստում են երեխայի լեզվական և զգայական ունակությունների արագ և օրինաչափ զարգացմանը:
Գիտնականներից ոմանք այսօր այս և նման հարցերի վերաբերյալ դեռևս խոսում են վերապահումով, սակայն եթե սա նորույթ է գիտության համար, ապա Եկեղեցու և այն կազմող քրիստոնյաների համար վաղուց հաստատված ճշմարտություն է: Առհասարակ Սուրբ Գիրքը և Քրիստոնեությունը խիստ դրական վերաբերմունք ունեն երեխաների հանդեպ: Այդ գորովալից վերաբերմունքը արտահայտված է նաև Աստվածաշնչյան հայտնի մայրերի՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի, Հովհաննես Մկրտչի մայր Եղիսաբեթի, Սամսոնի մոր, Սամվելի մայր Աննայի և մյուս բարեպաշտ կանանց մոտ: Առանձնահատուկ գիծը նրանց մոտ հավատքն է առ Աստված և աղոթքը՝ ուղղված Բարձրյալին: Աղոթքը՝ զրույցը Աստծո հետ, նրա փառաբանումը և գոհացումը նրա պարգևներով՝ հատկապես մայրանալու բերկրանքով, իրենց ուղղակի ազդեցությունն են ունենում մանկան հոգևոր աշխարհի ձևավորման վրա. մանուկը, լինելով հոգով մաքուր, ունակ է լսելու մոր և շրջապատողների աղոթքները և առավել քան արձակած այլ հնչյունները՝ հասկանալ դրանք: Քրիստոս մի առիթով իր աշակերտներին ասում է. «Թույլ տվեք այդ մանուկներին գալ ինձ մոտ և արգելք մի եղեք նրանց, որովհետև Աստծո արքայությունն այդպիսիներինն է» (Մարկ. 10:14). այն սերը, այն գոհացումը, այն նվիրումը, որ մայրը կցուցաբերի Աստծո հանդեպ իր աղոթքում, կձևավորի ապագա զավակի մոտ աստվածսիրություն և անարգել կմերձեցնի նրան Աստծուն: Դրա զարգացմանը կհանգեցնեն նաև հաճախակի այցելությունները եկեղեցի, մասնակցությունը արարողություններին (չմոռանանք հիշել, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հատուկ արարողակարգ ունի սահմանած հղի կանանց համար և տոն՝ Մայրության բերկրության օրհնության օր յուրաքանչյուր տարի ապրիլի 7-ին՝ Սուրբ Աստվածածնի Ավետման օրը), զրույցը հոգևորականի հետ և հատկապես մասնակցությունը Սուրբ Պատարագներին ու Հաղորդություն ստանալը (նկատենք, որ կանայք հղության շրջանում, որպես արտոնյալներ, ազատ են անհրաժեշտ ծոմապահությունից և ծնրադրությունից` խոստովանության ժամանակ): Հաղորդությամբ ընդունելով Քրիստոսի կենսատու և քավչարար մարմինն ու արյունը՝ ոչ միայն փառավորվում ու լուսավորվում է մոր հոգին, այլև զավակն է հաղորդվում իր Փրկչին և ինչպես Սուրբ Հովհաննես Մկրտիչը Եղիսաբեթի որովայնում, ցնծում է Քրիստոսի հայտնվելուց: Եկեղեցիներից մեկում ծառայությանս ժամանակ երեկոյան ուշ ժամին, երբ արդեն Տեր Հայրը պատրաստվում էր փակել եկեղեցին, նրան մոտեցավ ամուսնացյալ մի զույգ: Կինը, որ հղի էր, շատ գունատ էր և տառապալից դեմքով (ծանր հղություն էր անցկացրել), ուստի ամուսինը շտապով խնդրեց քահանային օրհնել նրան, քանի որ իրենք գնում էին հիվանդանոց. ծննդաբերության ժամը հասել էր: Տեր հայրը պատրաստակամորեն աղոթեց և օրհնեց, ապա խնդրեց ինձ բերել իր մասնատուփը: Կինը երկյուղածությամբ հաղորդվեց: Տեր հայրը սկսեց օգտակար խորհուրդներ տալ զույգին: Մի քանի րոպե հետո հանկարծ ամուսինը նկատեց, որ կնոջ գունատությունն անցել է: Դա ցնցող ճշմարտություն էր: Առավել ցնցող էր այն, որ կինը խոստովանեց, թե ցավերը գրեթե չկան: «Գուցե կեղծ տագնապ էր,- նկատեց ամուսինը,- երևի տուն գնանք»: Կինը մարտական համառությամբ և աներկյուղ հրաժարվեց, և Տեր հոր խորհրդով նրանք անմիջապես ուղղվեցին ծննդատուն: Ամենից մեծ անակնկալը ինձ սպասվում էր հաջորդ օրը, երբ Տեր հայրն ասաց, որ ամուսինը զանգահարել և ասել է, որ ի զարմանս բժշկության՝ մեկ օր հետո կնոջը և երեխային կտանի տուն. ծննդաբերությունն ընթացել է շատ հեշտ և արագ, մայրը առողջական խնդիրներ չունի, իսկ նորածին աղջիկը առողջ է ու կայտառԱյս փոքրիկ օրինակն ինձ համար դարձավ կենդանի ապացույց Սուրբ Հաղորդության՝ Քրիստոսի Մարմնի և Արյան աստվածային զորության: Իհարկե շատ կարևոր է նաև, որ ծննդյան 8-րդ օրը երեխային մկրտելուց (այս է Հայ Առաքելական Եկեղեցու ճիշտ կարգը) հետո էլ ծնողները պարտավորված զգան պարբերաբար հաղորդվել ու սրբվել մեղքերից և հաղորդության տանել իրենց նորածնին՝ նրան տալով հոգևոր սնունդ ու կերակուր: Սա կնպաստի երեխայի առողջ, հավատքով և աստվածահաճո դաստիարակությանը: Հղության շրջանում պակաս կարևոր չեն նաև հոգևոր գրականության՝ հատկապես Սուրբ Գրքի, ընթերցանությունը և հոգևոր երաժշտության ունկնդրումը. դրանք հոգեպես կհանգստացնեն ու կբավարարեն թե՛ մորը, թե՛ զավակին, նրանց կհագեցնեն դրական լիցքերով: Անշուշտ, այս ամենն ունի իր նախապայմանները. այն դրական հոգևոր ու հոգեկան ապրումները, որոնք մայրը և ինչու չէ նաև հայրը պարգևել են իրենց զավակին ներարգանդային կյանքի ժամանակ, իրենց եռակի և քառակի բազմապատկումը պետք է գտնեն ծնունդից մինչև հասունություն ընկած ժամանակահատվածում: Ամեն ինչ կարելի է սկսել մահճակալի վերևում կախված խաչից (այն ի դեպ, կփոխարինի մեզանում տարածված սնոտիապաշտական նշանակությամբ անօգուտ «աչքի ուլունքներին» ու կպաշտպանի մանկանը չարի հարձակումներից) և վերջակետին մոտեցնել այնպիսի անհատականության ձևավորմամբ, ով ջանք չի խնայի իր զավակներին դաստիարակել այնպես, ինչպես իր ծնողները: Այս բոլորը՝ թե ֆիզիկական, թե՛ հոգևոր բարենպաստ ազդեցությունները իրենց օգտակարություն են բերում հղության անվտանգ և աներկյուղ ընթացքին, օգնում են մորը ավելի վստահ լինել և պատրաստված, դեռևս որովայնից զարգացնում ու դաստիարակում են ամեն ինչ գերազանց ընկալող դեռևս չծնված մանկանը, ով պետք է աշխարհ գա որպես Աստծուն ու եկեղեցին, ծնողներին ու մերձավորներին, իրեն ու հասարակությանը սիրող, առողջ ու առույգ հոգևոր մարդ՝ քրիստոնյա: Մեզ շրջապատող աշխարհում, ցավ ի սիրտ, այնքա՜ն բազմազան են տարատեսակ ազդեցությունները, որոնք հեռացնում են մանուկներին Աստծուց, մերժում են հավատքը և անգամ ծաղրի ենթարկում այն: Գլխավոր խնդիրն այն է, որ հավատքն Աստծո հանդեպ ինչ-որ առարկայական հարստություն կամ ունեցվածք չէ, որը հնարավոր է փոխանցել ձեռքից ձեռք` վստահ լինելով, որ ընդունողն այն ուրախությամբ կվերցնի: Այս իսկ պատճառով ծնողները մի բան պիտի հստակորեն գիտակցեն. «Աշակերտը մեծ չէ, քան իր վարդապետը» (Ղուկ. 6:40), ուստի երեխայի հավատքը կարող է չափվել ծնողների հավատքով ու աստվածսիրությամբ, ովքեր չեն կարող տալ երեխային ավելին, քան ունեն: Հետևաբար` մանկանց հավատքի ձևավորման մեջ գերակշռող, եթե ոչ հիմնական դեր ունեն ծնողները, ովքեր իրենց հավատքի ոգով պիտի վառեն մանկան հավատքի մոմը և այն հեռու պահեն օտար ու սառնաշունչ քամիներից:

ՀՂԻ ԿՆՈՋ ԱՂՈԹՔՆ
ԱՍՏՎԱԾԱԾՆԻՆ

Ո՜վ Աստծո փառավորյալ Մայր, օգնության հասիր ինձ իմ բոլոր տկարությունների ու վտանգների պահին, որոնց մեջ մանուկ են ծնում Եվայի բոլոր դուստրերը։ Ո՜վ Օրհնյալդ կանանց մեջ, հիշիր, թե ինչպիսի ուրախությամբ ու սիրով էիր այցելության շտապում քո ազգական Եղիսաբեթին` իր հղիության ժամանակ, և ինչ սքանչելի եղավ քո այցը մոր և մանկան համար։ Քո անսպառ բարեսիրությամբ նաև ինձ` նվաստ աղախնուս էլ պարգևիր բարեհաջող որդեծնության շնորհը, որպեսզի այժմ սրտիս տակ հանգիստ գտած բալիկս, զգայություն առնելով, մանուկ Հովհաննեսի նման ուրախությամբ ու խայտալով ցնծա Փրկիչ Աստծով, Ով մեղավորներիս հանդեպ անսահման սիրուց մղված` չխորշեց մեզ պես մարդանալուց եւ Մանուկ լինելուց։ Այն անանց ուրախությունը, որով լցվեց կուսական սիրտդ` նորածին Քո Մանկանն ու Տիրոջը հայելիս, թող սփոփի նաև ինձ և թեթևացնի ծննդաբերությանս ծանրությունը։ Իմ Փրկիչն ու Կյանքն աշխարհի, որ մարմին առավ և ծնվեց քեզանից, թող պահպանի ինձ հոգու և մարմնի բոլոր վտանգներից, իսկ դեռ լույս աշխարհ չեկած մանկանս դասի Աստծո ընտրյալների մեջ։ Լսի՛ր խոնարհ աղաչանքներս ո՜վ Երկնային Ամենասուրբ Թագուհի եւ շնորհընկալ հայացքդ ուղղիր ինձ ու հովանի եղիր, թող ամոթով չմնա քո մեծ բարեգթությանն ապավինած հույսս։ Տիրոջ անունը բոլոր կրողների օգնական, ապաքինող բոլոր հիվանդություններից ու տկարություններից, թող ես էլ համոզվեմ, որ Դու ես Մայրը գթության և միշտ փառավորեմ քեզանից ծնված Աստծո Որդուն և Աստծո Մայրությունդ, որ չի մերժում իրեն աղաչողներին և ազատում է վշտերի ու հիվանդությունների մեջ իրեն կանչողներին. Ամեն:

1 արտահայտվիր:

Anonymous said...
9/30/11, 9:52 PM

Տա Աստված, որ բոլոր կանայք էլ արժանան այս աղոթքը ասելուն............ Հ. Մ

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...