23.4.11

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ...

Կնոջ մանրիկ քայլերը հաղթանդամ զորականի քայլվածքի պես աղմկոտ էին հնչում ընդարձակ պալատում` ընդելուզված ոսկեկոփ սյուներով, լուսասփյուռ ջահերով, տարերային աստվածություններ ներկայացնող կուռքերով. պալատի սրահներն, առհասարակ, մեհյանի տպավորություն էին թողնում:
Զինվորը արձակեց կնոջ ձեռնակապերը, պատվիրեց ներս մտնելիս խոնարհվել ու խոր գլուխ տալ արքաների արքային, ապա բարբարոսի բրտությամբ քարշ տվեց կնոջը դատաստանի սրահ: Այստեղ աջ և ձախ դրված կրակարանների կողքերին համաչափ շարվել էին սպիտակազարդ քուրմերը ներկած դեմքերով: Նրանցից այն կողմ բազմած էին իշխանական արտաքինով և կանացի շարժուձևով ինչ-որ մարդիք, որոնց միջից կայսրը աչքի էր ընկնում արտասովոր զարդարանքով և ամենակենտրոնում` պատվանդանի վրա, նստած լինելու հանգամանքով:


Շեփորներն ազդարարեցին դատավարության սկիզբը: Կապույտ թիկնոցով մի մարդ մոտեցավ  կայսերը, ինչ-որ բան շշնջաց ականջին և նրան հանձնեց պապիրուսի գալարը:
- Նորի՞ց,- վրդովվեց արքան,- հոգնել եմ արդեն. առանց հապաղելու է պետք վերացնել այս ոչնչություններին իրենց ռամկական հավատքի հետ միասին: Մո՛տ եկ,- հրահանգեց նա:
Կինը հիշեց զինվորականի պատվերն ու առաջ գնալով գլուխ տվեց:
- Անունդ ի՞նչ է, որտեղի՞ց ես:
- Մարիամ, տե՛ր իմ, Մարիամ է անունս, Մագդաղայից եմ,- կմկմաց կինը:
- Քեզ պետք է որ հայտնի լինի, թե ինչո՛ւ ես հիմա այստեղ:
- Ամենևին, արքա՛. շուկայում առևտուր էի անում Զատկի համար, եկան քո զինվորներն ու շղթայելով այստեղ բերեցին: Այժմ դատաստանի եմ կանգնած, սակայն ինչո՛ւ, չգիտեմ:
Տիբերիոսը հեգնական դեմքով ոտքից գլուխ չափեց խեղճացած կնոջը:
- Դու այստեղ ես, որովհետև նրանցից ես, ովքեր մահացածի միս ու արյուն են ուտում իրենց գաղտնի հավաքատեղիներում, մանուկներ են զոհաբերում և ինչ-որ մեռելի են պաշտում: Բայց սրանք տակավին այնքան էլ լուրջ զանցառություններ չեն, որքան այն, որ դու և քո ընկերները արհամարհում եք Օլիմպոսի բարձրյալ աստվածներին, հրաժարվում եք զոհ մատուցել նրանց: Ճի՞շտ եմ…
- Ճշմարիտ է այն, արքա՛, որ ոսկին ու արծաթը, փայտն ու քարը չեն կարող աստված լինել. ես ձեռակերտ կուռքեր չեմ պաշտում, այլ` կենդանի Աստծուն, երկնքի և երկրի Արարչին, որ իշխանություն ունի բոլոր մարմնավոր էակների վրա*:
- Իսկ արքա՞ն, մի՞թե կայսրն էլ աստված չէ…
Մագդաղենացին խոնարհեց աչքերն ու մրմնջաց.
- Մեկ բան գիտեմ միայն. պետք է կայսրինը տալ կայսերը, իսկ Աստծունը` Աստծուն**:
Կայսրը կատաղի աչքերը ցոլացրեց կնոջ վրա, հանդիսականների ահաբեկված շշուկները լցրեցին սրահը:
- Չե՞ս վախենում, ո՛վ ողորմելի,- բղավեց նա,-որ քեզ նետեմ գազանների առաջ քո լպիրշության պատճառով:
Մագդաղենացին մեղմիկ ժպտաց:
- Տերն իմ լույսն է ու կյանքը, ո՞ւմից վախենամ. Տերն իմ կյանքի ապավենն է, ո՞ւմից ես դողամ։ Երբ չարագործ նեղիչներս ու թշնամիներս մոտեցան ինձ` մարմինս ուտելու, նրանք թուլացան ու ընկան։ Եթե իմ դեմ պատերազմ պատրաստվի, սիրտս չի սոսկա. եթե իմ դեմ ճակատամարտի ելնեն, միևնույն է, Տե՛ր, հույսս քեզ վրա եմ դնելու***:
Լռություն տիրեց: Նյարդայնացնող լռությունը խախտեց կայսեր ջղաձիգ հռհռոցը. նրա օրինակին հետևեցին բազմականները:
- Լսո՞ւմ եք ինչ է ասում… Քեզ պես քանի՜ համարձակի են խժռել առյուծներս, քեզ պես քանի՜ մեծախոս է զրկվել լեզվից, աչքերից, մատներից, քեզ նման քանի՜ տոկուն է հեծեծել կրակի ու կուպրի մեջ… Ես կխղճամ քեզ ու ազատություն կշնորհեմ ի փառս աստվածների, եթե դու հենց հիմա, այստեղ երկրպագես կուռքերին ու զոհ մատուցես: Խոստանում եմ, արքայի խոսք եմ տալիս. Դրանով դու կքավես մեղավորությունդ:
Քուրմերն արագորեն Մարիամի դիմաց բերեցին փոքրիկ կրակարանը:
- Դե՛, քեզ տեսնեմ, փրկիր ինքդ քեզ,- նենգորեն վրա բերեց Տիբերիոսը` ինքնաբավ դեմք ընդունելով:
- Իմ Փրկիչը մեկն է, արքա՛, Խաչյալ Հիսուսը, ում մահն ու հարությունն է ինձ կյանք տալիս, իսկ կուռքերն ու զոհերը կյանք տալ անկարող են: Ով հավատա Քրիստոսին, թեպետև մեռնի, կապրի, ով հավատա Նրան, հավիտյան կապրի**** միևնույն է, ինչպես Ինքն էլ մեռավ ու հարություն առավ մեռյալներից:
Բազմականները միաբերան դժգոհության ձայներ հանեցին, դժգոհության շշուկները լցրեցին սրահը:
Տիբերիոսը առաջ երկարեց ձեռքը, և աղմուկն իսկույն սանձվեց:
- Ձեր անմտությունը սահմաններ չունի,- սպառանալից դեպի կինը գալով մռմռաց կայսրը:        - Ավելի շուտ զամբյուղիդ միջի ձուն կկարմրի, կի՛ն, քան մեռածը հարություն կառնի,- բղավեց բարձր, և հռհռոցը արձագանքեց դղյակով մեկ:
Մագդաղենացու ձեռքը գնաց դեպի հավկիթը... 
- ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ, արքա՛,- բացականչես նա` արքային մեկնելով արյուն-կարմիր ձուն…
Դահլիճը սառեց համրությամբ…

*Դանիել 14:5
** Մարկոս 12:17
*** Սաղմոս 26:1-3
**** Հովհաննես 11:25-26
(Սուրբ Հարություն, 2011
Արթուր սրկ. Սարգսյան)
Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

13 արտահայտվիր:

Արաքս комментирует...
23.04.2011, 22:29

ու հրաշք կատարվեց, իսկապես հրաշք

Աննա комментирует...
24.04.2011, 19:59

Արթուր ջան,միայն մի բան կարող եմ ասել`շարունակիր գրել!!!!

Տեր Մարկոս քահանա комментирует...
25.04.2011, 9:04

Կեցցես եղբայր: Շատ լավն էր: Անկեղծ, գնահատական չի որ հիմա տալիս եմ, ուղղակի շատ ուրախ եմ, որ կրոնական ենթատեքստով ծնվում են այս տեսակ գեղեցիկ գեղարվեստական գործեր: Ու քիչ չեն սրանք քո մոտ: Սրա համար եմ շատ ուրախ: Երբեմն գեղարվեստական պատումի միջոցով կարելի է ավելի խորը հոգևոր-կրոնական գիտելիքներ տալ, քան կրոնա-փիլիսոփայական դոգմատիկ ինչ-ինչ դասագրքերով: Աստված օրհնի ընթացքդ եղբայր: Ամեն ինչ, որ նպաստում է մեր Տիրոջ Ավետարանի քարոզչությանն ու տարածմանը, գովելի և խրախուսելի է:

ArturSrk комментирует...
25.04.2011, 16:55

Ոգևորիչ է. շնորհակալ եմ :)))

Սիր ջան комментирует...
25.04.2011, 18:09

Շնորհակալություն, հրաշալի պատմվածք է, աշակերտներիս համար անպայման կկարդամ: Ուրախալի է, որ սարկավագները ստեղծագործում են: Շարունակեք գրել.... Բրավո!!!!!!!!!

ArturSrk комментирует...
25.04.2011, 18:19

Ես եմ շնորհակալ, որ աշակերտները կարդում են. տա Աստված նրանցից ոչ ոք չմոլորվի Աստծուն փնտրելու ճանապարհին:

Հովսեփ комментирует...
01.01.2012, 0:11

Սուրբ է մեր Աստվածը Սուրբ Երորդությունը հավիտյան ՓԱՌՔ Սուրբ Երորդությանը։

Հերմինե комментирует...
01.04.2012, 20:13

Իի՜նչ լավն էր.... ու պատկերավոր...
Շնորհակալություն Տեր Հայր.. Զորանաք Աստծով..

Sona комментирует...
07.04.2012, 22:27

Shnorhakalutyun Ter Hayr!!! enpes sirum em dzer poqrik patmvacqner@ kardal....
QRISTOS HARYAV I MERELOOOOCCC!!!!

Srk. комментирует...
07.04.2012, 22:31

Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի

Srk. комментирует...
25.06.2012, 15:10

Armine Barseghjan · Facebook

Հիշեցրեց Տրդատի և Գրիգոր Լուսավորչի զրույցը...գեղեցիկ է

Srk. комментирует...
25.06.2012, 15:12

Ճիշտն ասած նշված զրույցը շաաաատ շուտ էի կարդացել և ուշադրություն չէի դարձրել, բայց ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎԸ գրելուց հետո մի առիթով վերստին կարդացի և ինձ մոտ էլ նմանության տպավորություն թողեց: Գրեթե նույնն է պարագան ՍՐՏԻ և ՄՏՔԻ ՄԻՋԵՎ ստեղծագործության պարագայում: Գրելուց ավելի ուշ իմացա որ սցենարով նման պատմվածք ու ֆիլմ կա: Իսկ ԳՈՒՅՆԵՐ-ի հերոսը նույն անվամբ, մասնագիտությամբ ու կյանքի որոշ դրվագներով համընկավ իմ ստեղծած հերոսի հետ: Հետաքրքիր է...

Srk. комментирует...
25.06.2012, 15:13

Armine Barseghjan · Facebook

Տեր Հայր զարմանալի չէ, որովհետև մարդկային մտածողության աղբյուրը նույնն է...տարբեր երկրներում, տարբեր մշակույթներին պատկանող և տարբեր լեզուներով խոսող մարդիկ կարող են միմյանցից անկախ նման, անգամ նույն բաները գրել... Այսօր իմ միտքը բացարձակապես նույն բառերով գրված տեսա մեկ ուրիշի կողմից...և զարմացա... մտածեցի «Չէ որ այդ խոսքերով ցանկանում էի նոթ գրել, հիմա կստացվի գրագողություն»

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...