22.4.11

ԿՐԱԿ

Ամբոխը` որպես սնդիկի ահռելի զանգված` ծանր ու վտանգավոր, գլորվում էր Երուսաղեմի նեղ ու երկայն փողոցներով: Արևը ծիկրակում էր Գողգոթայի ետևից` բորբ շողարձակումով  լիզելով անցյալով վարակված պատերի հնոտի փոշին: Մարդկային կծիկը սեղմվում էր փողոցի ակցանի մեջ, և հարյուրավոր մարդկանց ոսկորների ճարճատյունը, աղմուկ-աղաղակը, դոփյունն ու ճիչերը արձագանքում էին հինավուրց քաղաքում: Ոտնատակերից փոշին քուլա-քուլա ծառս էր լինում, և կուրացած մարդիկ առաջ էին գլորվում սոսկ հոսանքին տրված: Գլխավերևում փայտյա հսկա խաչեր էին, և դրոշակներ` կարմիր, կանաչ, սև... Ոմանց ձեռքերում լապտերներ էին և սաղմոսարաններ. ոմանց շուրթերին օրհնություններ, ոմանց` հայհոյանք…
«Ո՞ւր…, ինչո՞ւ…, ինչպե՞ս…, ի՞նչ կա…»,- հարցնում էին զանգվածի մեջ պատահականորեն սուզված մարդիկ և չստանալով պատասխանը կամ պարզապես չլսելով` մյուսների հետ հոսում էին Հարության Տաճար:
…Հորիզոնում երևաց Տաճարի խաչը, ապա` գմբեթը, և «սովահար» խաժամուժը ցնորվեց որպես դիվահար. խլացած գոռում-գոչյունից` հողմի պես ավերած սուրաց առաջ` կոխան դարձնելով ոտքի տակ հայտնվածներին:
«Ո՞ւր…, ինչո՞ւ…, ինչպե՞ս…»,- դարձյալ տրվում էին զարմացական հարցերը: «Ճրագալույց է,- պատասխանում էին կորամեջք, նախանձահույզ պառավները,- գնանք կրակ բերենք…»:
Ամբոխը` որպես սնդիկի մի զանգված` ծանր ու վտանգավոր, անձուկ միջանցքով գլորվում էր դեպի Սուրբ Հարության Տաճար:

-…Կանգնե՛ք,- լսվեց դիմացները կտրած մանչուկի զիլ ճիչը. զանգվածն աներևույթ մի ուժով վայրկենաբար արգելակեց ընթացքը:- Նա, Ում փնտրում եք, այստեղ չէ. Նա հարություն է առել… ձեր մեջ փնտրեք Նրան…

Ամբոխը գազանի պես մռնչաց զայրագին, ոռնաց ահեղաձայն, ակնթարթում կլլեց մանկանն ու շարունակեց իր մոլեգին արշավը դեպի «կրակը»… 
(2011)

4 արտահայտվիր:

Заруи Диланян комментирует...
26.04.2011, 12:24

Կեցցես․․․

Анонимный комментирует...
15.08.2011, 19:58

Նա հարություն է առել… ձեր մեջ փնտրեք Նրան…)) Շատ լավն էր, շատ եմ սիրում կարճ ու ասելիքով հարուստ գրականություն, էդպես ստեղծագործում է մեր օրերի ամենահզոր պոետը` Նշան Աբասյանը, ու մեկ էլ այս գործում տեսա դա: Բառային կրկնությունները շատ լավն էին, հրաշալի ռիթմ էին հաղորդում:Ընտիր էր:Տա Թև

John Doe комментирует...
28.02.2012, 16:10

Մոլագար Ճշմարտությունից շեղված ամբոխը...միգուցե այդպես էլ ճշմարտությունը չճաշակած ուր մնաց թե շեղված, շատ արդիական երևույթ է...

Srk. комментирует...
25.06.2012, 15:24
Этот комментарий был удален автором.

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...