13.4.11

ԱՎԵՏՈՒՄ` ՏՈՆ ՄԱՅՐԵՐԻ


Մայր և կույս` աղախին Քրիստոսի,
Որ բարեխոսդ ես միշտ աշխարհի, 
Քեզ երանեն ամենայն ազինք,
Քեզ երանեն ամենայն ազինք: 
(շարակնոց) 
Հայաստանում, ի տարբերություն աշխարհի մի շարք երկրների կանանց նվիրված 2 տոն են նշում` «Կանանց միջազգային տոն» մարտի 8-ին և «Մայրության ու գեղեցկության տոն» ապրիլի 7-ին: Ընդ որում այս երկու տոների ժամանակագրական մերձավորությունը առիթ է հանդիսացել, որպեսզի մարտ 8-ապրիլ 7 ընկած ժամանակահատվածը հայտարարվի կանանց միամսյակ: Այո, ամսաթվային մերձավորություն, թերևս, կա, բայց ոչ գաղափարաբանական` բովանդակային: Չնայած հասարակության մեջ այս վերջինը անտեսվում է և քչերն են խորամուխ լինում այդ տոների ծագման, նշելու կարևորության և բովանդակության մեջ, այնուամենայնիվ, ցանկանում եմ փոքրիկ փորձ անել` լուսաբանելու վերջինը` «Մայրության և գեղեցկության» տոնը /Մարտի 8-ին փոքրիշատե անդրադարձ կատարվել է Անդրեյ սարկավագ Կուրաևի հոդվածի թարգմանությամբ/:
Երբ բլոգում տեղադրեցի «Կարելի՞ է արդյոք չտոնել Մարտի 8-ը» հոդվածի թարգմանությունը, եղան մարդիկ, ովքեր հարցրեցին, թե ինչո՛վ է հիմնավորվում Ապրիլի 7-ի տոնի և օրվա կարևորությունը ի տարբերություն Մարտի 8-ի:
Եթե մարդիկ սովոր են նշել «Ապրիլի 7» կամ սոսկ «Մայրության և գեղեցկության տոն» կոչվող «կանանց տոն», ապա կապ և հիմնավորում, բնականաբար, դժվար է գտնել, բայց եթե հարցին մոտենանք մի փոքր հոգևոր կոնտեքստում /գիտակցություն, որ երբեմն բացակայում է հասարակության ստվար զանգվածների մոտ/, ապա կտեսնենք, որ այդ տոնը ոչ այլինչ է, եթե ոչ Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը: Սա ունի Աստվածաշնչյան իր հիմքը. հինկտակարանյան մարգարեներից Եսային Քրիստոսի ծնունդից շուրջ 700 տարի առաջ Սուրբ Հոգով գրել էր. «Ահա կոյսը պիտի յղիանայ ու որդի ծնի, եւ նրա անունը պիտի լինի Էմմանուէլ» (Ես 7:14) : Այս մարգարությունը այդ դարերից սկսած մարդկանց սպասումի մեջ էր դրել, որովհետև առաջնահերթ զարմանալի էր այն որ «կույսը պիտի հղիանար», ապա և այն, որ հղիությունից ծնվածը պետք է անվանվեր «Տերը մեզ հետ»` Էմմանուէլ: Այս զարմանալի հանգամանքները իրենց իրականացումը գտան հենց Սուրբ Ավետումից սկսյալ: Ավետման մասին հանգամանալից խոսում է Սուրբ Ղուկաս ավետարանիչը` նշելով. 


«Վեցերորդ ամսին Գաբրիէլ հրեշտակը Աստծու կողմից ուղարկուեց Գալիլիայի մի քաղաքը, որի անունը Նազարէթ էր, մի կոյսի մօտ, որ նշանուած էր Յովսէփ անունով մի մարդու հետ՝ Դաւթի տնից։ Եւ այդ կոյսի անունը Մարիամ էր։ Եւ հրեշտակը, գալով նրա մօտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տէրը քեզ հետ է»։ Իսկ նա այս խօսքերի վրայ խռովուեց եւ մտքում խորհում էր, թէ ինչ բան էր այս ողջոյնը։ Եւ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար։ Եւ ահա՛ դու կը յղիանաս եւ կը ծնես մի որդի ու նրա անունը Յիսուս կը դնես։ Նա մեծ կը լինի եւ Բարձրեալի որդի կը կոչուի։ Եւ Տէր Աստուած նրան կը տայ նրա հօր՝ Դաւթի աթոռը, եւ նա յաւիտեան կը թագաւորի Յակոբի տան վրայ, ու նրա թագաւորութիւնը վախճան չի ունենայ»: Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպէ՞ս այդ կը պատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»։Հրեշտակը պատասխանեց եւ նրան ասաց. «Սուրբ Հոգին կը գայ քո վրայ, եւ Բարձրեալի զօրութիւնը հովանի կը լինի քեզ, որովհետեւ նա, որ քեզնից է ծնուելու, սուրբ է եւ Աստծու որդի կը կոչուի։ Եւ ահա քո ազգական Եղիսաբեթը. նա եւս յղի է իր ծերութեան մէջ, եւ այս՝ յղիութեան վեցերորդ ամիսն է նրա, որ ամուլ էր կոչուած. որովհետեւ Աստծու համար անկարելի բան չկայ»։ Եւ Մարիամն ասաց. «Ահաւասի՛կ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խօսքի համաձայն լինի ինձ» (Ղուկ. 1:26-38):


Կարող է հարց առաջանալ, թե այնուամենայնիվ ի՛նչ կապ կարող է լինել Աստվածամոր Ավետման և Ապրիլի 7-ի կամ «Մայրության ու գեղեցկության տոնի» միջև: Կապն, իրականում, ուղիղ է և անմիջական:
Աստվածաշունչը չի հայտնում Ավետման տոնի օրը, սակայն Եկեղեցական Սրբազան Ավանդության համաձայն Հիսուսի ազգական Հակոբ Տյառնեղբայրը, ով Երուսաղեմի առաջին եպիսկոպոսն էր, փաստել է, որ Հիսուսը մարմնապես ծնվել է Մարիամ Կույսից հունվարի 6-ին` մի օր, երբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը: Հունվարի 6-ից ետ հաշվելով հղիության համար նախատեսված 9 ամիս ժամանակահատվածը (275 օր)` Ավետման տոնը կհամնկնի ճիշտ և ճիշտ ապրիլի 7-ին:
Իսկ այն հարցը, թե ի՛նչ կապ ունի Ավետումը մայրության և գեղեցկությոն հետ, կարծում եմ տրամաբանելու շատ տեղ չի էլ թողնում /հատկապես մայրության հարցում/. Աստվածածինը` որպես մայր, բոլոր քրիստոնյաների և հատկապես հայերիս մոտ կատարելության տիպար է:
«Մայրություն» ասելով, կարծում եմ կհամաձայնեք, հասկանում ենք 2 չափազանց կարևոր և իրարից գրեթե անբաժան հանգամանք`
  • հղիություն /մայրանալու հանգամանք/
  • ընտանիքի մայր /ծնող ու դաստիարակ լինելու հանգամանք/
Այն, որ հղիությունը կնոջ համար իսկապես վերերկրային և արտասովոր մի իրավիճակ է, բերկրանք և ուրախություն, փաստում են թե բժշկա-հոգեբանական մի շարք փորձերը և թե իրենք` հղիացած կանայք: Պատկերացնենք մի հանգամանք /չնայած տղամարդկանց համար այդ պատկերացնելը շատ բարդ կլինի/. դու ինքդ մարդ ես` անհատականություն և հանկարծ քո կրծքի տակ ձևավորվում է, աճում ու զարգանում մեկ այլ կյանք, մեկ այլ անհատ, սրտիդ տակ բաբախում է ևս մեկ սիրտ, քո ուրախությանը զուգահեռ որովայնումդ հրճվում է մեկ այլ էակ, և դու, ո՛վ կին, աստվածային արարչագործության համահեղինակ ես... Վեհ է հնչում: Ավելի մեծ կոչում կնոջ համար դժվար է երևակայել: Իսկ հիմա պատկերացնենք մեկ այլ հանգամանք. կինը հրաշքով է հղիացել, և իր սրտի տակ բաբախում է մանկական սիրտ, բայց ոչ սովորական մի սիրտ, այլ սիրտը աշխարհի, տիեզերքի, մարդկության և հենց իր` Կույս Մարիամի Արարաչի, սիրտը Նրա ով պիտի փրկի մոլորված աշխարհն իր արյունալի Խաչելությամբ և հրաշալի Հարությամբ, սիրող սիրտը Հիսուս Քրիստոսի: Որքա՜ն մաքուր ու անարատ, անաղարտ ու անբիծ պիտի լիներ Մայր Աստվածածինը, որպեսզի Աստվածային Բանը` Որդի Աստված, «հաճեր» 9 ամիս բնակվել նրա որովայնում, որքա՜ն քաջություն և կամք պետք է ունենար Մարիամը, որպեսզի հասկանալով պահի ահեղ խորհուրդը` կարողանար արտաբերել. «Ահաւասի՛կ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խօսքի համաձայն լինի ինձ»:


Ավետարանները հանգամանալից չեն ներկայացնում Քրիստոսի մանկությունը /հիշատակում են նրան միայն 12 տարեկան հասակում/, սակայն Աստվածորդու ծնունդով, անշուշտ, չավարտվեց Մարիամի մայրությունը, այլ նա դարձյալ որպես ծնողի կատարելատիպ խնամեց, սնեց և հասունության հսացրեց որդուն` Նրա կողքին լինելով ընդհուպ մինչև Աստվածորդու խաչելությունը (Հովհ. 19:26):
Սա ևս դարեր շարունակ ուղենիշային նշանակություն է ունեցել և այսօր էլ պետք է ունենա հայ կնոջ` ընտանիքի մայր լինելու հանգամանքի մեջ: Հայ մայրը մշտապես եղել է օջախի սյունն ու հենարանը, ընտանիքի սրբությունն ու սիրո, ջերմության երաշխավորը /հիշեցի Հովհաննես Շիրազի` մորը ձոնված բանաստեղծությունների շարքը/:
Գարեգին եպս. Հովսեփյանցը, խոսելով հայ ընտանիքի մասին` բերում է մի ցնցող և տպավորիչ օրինակ, որը, կարծում եմ, պատիվ պիտի բերի յուաքանչյուր հայ մայրիկի. «Հայի օջախը,-ասում է նա,- եկեղեցի է, և քահանան այդ եկեղեցում մայրն է»:
Այլևս չերկարաձգելով մտորումներս` ուղղակի վերջին մի խնդրանք-հորդոր ուղղեմ յուրաքանչյուր հայ կնոջ` մայրերին և նրանց, ովքեր պատրաստվում են մայրանալ. «Սիրելինե՛ր, աղոթեցեք` Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ «եկեղեցու» վերածելու ձեր օջախը. եկեղեցին այն տեղն է, ուր շնչում է սրբությունը, ուր ապրեցնում է սերը, ուր տիրապետում է միասնությունը, թևածում խաղաղությունը, ուր Աստծո ներկայությունը միշտ կա...»: Շնորհավորում եմ, սիրելի մայրեր, Ձեզ, որ գեղեցկագույնն եք բոլոր կանանց մեջ:
Շնորհավորում եմ բոլոր քրիստոնյաներին Սուրբ Աստվածածնի Ավետման Սուրբ տոնի առթիվ: Չմոռանանք, որ ապրիլի 7-ին Հայոց Եկեղեցիներում /հատկապես Սուրբ Աստվածածնի անունը կրող եկեղեցիներում/ մատուցվում է Սուրբ Պատարագ, որի ավարտին Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ կատարվում է երիտասարդ մայրերի օրհնության արարողություն. «Ինչպէս որ մայրն է գգւում իր մանկանը, այնպէս էլ Ես պիտի գգուեմ ձեզ, եւ դուք պիտի մխիթարուէք»,-ասում է Ամենակալ Տերը (Ես. 66:13):

Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

3 արտահայտվիր:

Shushan комментирует...
07.04.2011, 13:59

Այս ինչքան բան չգիտեի...Շատ շնորհակալ եմ տոնի նման հանգամանալից մեկնաբանության համար:

ArturSrk комментирует...
08.04.2011, 7:25

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Շուշան ջան:

Srk. комментирует...
25.06.2012, 15:33

Armik Bagdasaryan · Facebook

Astvac ararec mardun, ev Asec ,<>,. vorpes Mard Nmanvec Ir mor@ -kataryal, menk el- mayrers| petk e nmanvenk mer Mor@(vorpes xristonya) .Shat usucoxakan e. Astvac orhni.

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...