17.3.11

ՆԱՄԱԿ ԻՆՔՍ ԻՆՁ (մաս 4)



Արթուր սրկ. Սարգսյան /Եղիցի անուն Տեառն օրհնեալ/ (2006)
Հետաքրքիր է չէ՞, միշտ երեկոները կամ էլ գիշերն եմ քեզ նամակ գրում, կարծեմ ես էլ գիշեր եմ... Ինչևէ, հուսով եմ` մի օր առավոտյան կգրեմ:
Երեկ գիշերը (էլի գիշեր...) լուսարարից եկեղեցու բանալին խնդրեցի. ուզում էի բարձրանալ աղոթքի: Դուռը փակեցի ու դուրս եկա շենքից: Հորդառատ անձրև էր տեղում: Սկսեցի կամաց-կամաց քայլել դեպի եկեղեցի տանող աստիճանները: Անձրևն ավելի էր ուժեղանում, իսկ, քայլերս` ավելի դանդաղում: Երկինքն էլ, գիտե՞ս, լալիս էր ինձ վրա: Անձրևի կաթիլներն սկսեցին հոսել ճակատիս վրայով: Շատ ծարավ էի: Մինչև ոսկորներս թրջվեցի ու շարունակում էի դանդաղ քայլերով բարձրանալ աստիճաններով: Ամպերն անդադար որոտում ու երկնառաք իրենց բողոքն էին բարձրացնում (նրանք էլ ինձ տանել չեն կարողանում), ես խանգարում էի սիրահարված անձրևին: Ես անցանկալի մի խոչընդոտ էի մայր հողի ու խելագար անձրևի սիրատենչ գրկախառնման միջև:
Ահա, արդեն մոտենում եմ եկեղեցուն, դարավոր մի եկեղեցի, որ իր ամբողջ էությամբ սրտիս մեջ է դրոշմված:

Բանալու մի երկու պտույտ, և եկեղեցու դուռն արդեն բաց է:Կամացուկ ներս մտա, փակեցի դուռը, խաչակնքվեցի ու քայլեցի փոքր-ինչ առաջ` դեպի ատյան: Լուռ էր եկեղեցին: Լռությունն իր մեջ մեծ խորհուրդ ունի: Սակայն մի քանի վայրկյան անց զգացի, որ անթափանց մթությունը, խորհրդավորությունն ու անարատ մաքրության հոտը (մաքրությունն էլ հոտ ունի, ու ես այն առնում եմ միայն եկեղեցուց) իրենց հզոր ուժով կճզմեն իմ հոգին և ես կխեղդվեմ լռությունից, եթե մի փոքրիկ մոմ չվառեմ: Շտապ ետ եկա, շոշափելով գտա մոմավաճառի սեղանն ու վրայից մի մոմ վերցրի: Մթության մեջ խարխափելով` քայլեցի դեպի ավանդատուն: Հին պահարանը ճռռոցով բացեցի (փա՜ռք քեզ, Տե՛ր, հազիվ մի ձայն դուրս եկավ), վերցրեցի լուցկին ու վառեցի մոմի թելիկը. աղոտ լույսն սկսեց ցրել մթությունը` տարածվելով եկեղեցում: Հանեցի կոշիկներս, հագա հողաթափերն ու բարձրացա խորան, մոմը դրեցի սուրբ Սեղանի վրա ու անձայն իջա ներքև, ծունկի եկա խորանի առաջ ու... ու սկսեցի..., չէ՛, ավելի ճիշտ փորձեցի աղոթել: Ես չեմ աղոթում գիտե՞ս. ես խաբում եմ: Ես առաջ կարծում էի, որ մարդը ամենահեշտը կարող է ինքն իրեն խաբել, հետո հասկացա, որ դա այդպես չէ, ամենից հեշտ հնարավոր է Աստծուն խաբել. ախր ինձ խաբելով Աստծուն եմ խաբում հենց: Ես միշտ էլ խաբում եմ Աստծուն: Այնքա՜ն հեշտ է, ո՛չ նեղանում է ինձանից, ո՛չ պատժում, ո՛չ վիրավորում: Ես ասում եմ.«Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպես եւ մեք թողումք մերոց պարտապանաց...»: Ախր, սա լրիվ սուտ է: Ես Աստծուն խնդրում եմ, որ ինձ թողություն տա, որ ինձ ների, ինչպես ես եմ ներում ինձ պարտք եղողներին, բայց ես չե՜մ ներում... Ասում եմ. «Հայր մեր, որ յերկինս...», բայց ես իմ գերեզմանափոսից ինչպե՞ս կարող եմ դեպի երկինք նայել, ես բացի սևահողից ոչինչ չեմ տեսնում: Հետո... հետո ասում եմսուրբ եղիցի անուն քո», բայց ես չեմ կարողանում այդ սրբությունը պահել:«Եկեսցէ՛ արքայութիւն քո, եղիցին կամք քո, որպես յերկինս եւ յերկրի», բայց իրականում ես եմ իմ աստվածը, ես եմ իմ ստրուկը, ես եմ իմ արքան, ես եմ իմ կամակատարը: Ուզում եմ, որ Իր կամքը լինի երկրում, ինչպես որ երկնքում է, բայց չէ՞ որ երկնքում Տիրոջ հանդեպ սխալներ գործողներ չկան, հանդգնողներ չկան, չէ՞ որ այնտեղ ամեն ինչ կատարյալ է: Իսկ մեզ մոտ... իսկ մեզ մոտ ամեն ինչ հակառակն է:«Զհա՛ց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսաւր», իսկ ինձանից անբան մեկին ես դեռ չեմ ճանաչում: Է՜հ, լավ է, էլ չեմ շարունակի:
Տերունական աղթոքից հետո երգեցի ու...
Արդեն չգիտեմ որերորդ անգամ եկեղեցու հնադարյան պատերն անխոնջ ու լուռ վկաները եղան իմ արտասուքի: Աղոթքիս մեջ բարձրակետն այս է (վերջին անգամ չեմ հիշում, թե ե՛րբ եմ այս հոգեվիճակում եղել): Ինձ թվում է` արցունքներս մարմնացած մեղքերս են, որ ես անվերջ լալով իսկ չեմ կարող քամել, քավել: Հետո մոտ քսան րոպե լուռ մնացի: Ոչ մտածեցի, ոչ գործեցի, ոչ էլ կարող էի. ամբողջովին անէացած էի, գիտեի միայն, որ կենդանի եմ ու եկեղեցում եմ, իսկ այսքանն ինձ լիովին բավական էր, ուրիշ ոչինչ չէի էլ ուզում: Մոմը կամաց-կամաց հալվել ու հասել էր իր վախճանին: Բարձրացա խորան, համբուրեցի Սուրբ Սեղանը, վերցրի մոմն ու իջա
ներքև, հագա կոշիկներս, մոմը հանգցրեցի ու դուրս եկա եկեղեցուց: Պարզկա գիշեր էր` խաղա՜ղ, կարծես խաղաղության թագավորությունն էր իշխում ամենուր: Լուսինն, իր զմայլելի կիսադեմը բարությամբ ողողած լուսավորում էր ճանապարհս: Օդը շատ մաքուր էր ու հաճելի թարմություն ուներ: Բնությունն էլ լվացվել ու թեթև շունչ էր քաշում: Աստիճաններով իջա ու քայլեցի դեպի շենք: Քսան րոպե անց ես քնած էի: Այսքան խաղաղ դեռ չէի եղել:
Դե, քեզ էլ բարի գիշեր, հիմա գնում եմ քնելու, վաղն առավոտյան շուտ եմ զարթնելու: Այսօր շատ հանգիստ եմ. երեկվանից է այդպես: Զարմանալի է, անշուշտ, այն, որ եկեղեցում անգամ խաբելով (ինչ ուզում ես ասա, ես իմ արարքը խաբեություն եմ համարում: Այո՛, ուզում եմ, որ զուր խոսքեր չլինեն, բայց...) հանգստանում, թեթևանում ու խաղաղություն եմ ստանում: Երևի սրա համար է, որ Աստված Աստված է: Հուսով եմ մի օր... լավ, բարի գիշե՛ր:

Հավերժ քո`
խաղաղ ունկնդիր



Դավիթ սարկավագ Մանգասարյան (այժմ` Տեր Մարկոս քահանա)
(2006թ.)
Կարդա՛ նաև`

11 արտահայտվիր:

ArturSrk комментирует...
17.03.2011, 9:32

Վերստին կարդացի ու հասկացա, Տեր Հայր, որ այն ինչ դու գրել ես, միևնույն ապրումներով ես նկարել եմ... Միայն այդտեղ մենք չենք ստել ոչ մեզ, ոչ էլ Աստծուն:

AngeloK комментирует...
17.03.2011, 10:02

"Like" եմ անում միայն մի պատճառով, որովհետև անցած էտապ է...

ArturSrk комментирует...
17.03.2011, 10:07

Անձամբ ես չէի ուզի իմ կյանքում նման ինքնախոստովանությունները «անցած էտապ լինեին»: Ինչու, ես էլ չգիտեմ:

AngeloK комментирует...
17.03.2011, 10:24
Этот комментарий был удален автором.
Diana комментирует...
17.03.2011, 10:27

Ekexecu lrutyun@ anbactreli ee ev dyutic,bayc ayn zgal chi stacvum irakanum ays amenic... erb asum es uzum em menak linel Ekexecum,asum en petq e angam mardkanc ayb amboxi mej karoxanas menak lines,bayc...

ArturSrk комментирует...
17.03.2011, 11:15

Քրիստոնյայի համար «ուղին» միշտ նույն է և միատեսակ` «Ճանապարհ եւ ճշմարտութիւն եւ կեանք Քրիստոս, առաջնորդեա հոգւոց մերոց յերկրէ ելանել յերկինս»: Այ մեթոդները կարող են տարբեր լինել:

Ինչևէ, ամեն ոք գրում է այն, ինչ ապրում է /եթե անկեղծ մեկն է/, ուրեմն նրա ապրուստը մեր քննարկման հարցը չէ:

Տեր Մարկոս քահանա комментирует...
17.03.2011, 11:25

Anshusht yuraqanchyur mek@ yurovi e ancnum ir &anaparh@... Amen mekn ir hogevor pordzarutyunn uni ev ayn tarber e mnaca& bolori pordzarutyunic, bayc erbemn ogtakar e tesnel u zgal urishneri aprum... Anshusht chem handgni indz hamematel, bayc kuzem hishenq, vor Grigor Narekacin el i verjo ir Matyan@ henc ir isk nerqin hogevor aprumi u pordzarutyan shnorhiv e vor grel e...
Uxxaki amen mekn ir &anaparhn uni, ev charje angam qnnarkel, te vorn e &isht &anaparh@, qristoneutyunn azat kron e, mer Ter@ yuraqanchyuris dzaynn el &anachum e... &anaparhner@ tarber en, handipum@ mekn e...
Anceq inch &anaparh uzum eq, inchpes uzum eq, miayn te verjum Tiroj@ teseq...

Anna комментирует...
17.03.2011, 14:46

Տեր Մարկոս,անձամբ ես շատ շնորհակալ եմ,որ անկեղծորեն կիսվեցիք մեզ հետ ձեր ապրումներով և հոգևոր փորձառության այս շատ խոսուն պատառիկով:Նմանատիպ զգացողություն`Աստծուն ստելու,ես ել եմ երբեմն ունենում ու շատ ծանոթ էր ձեր նկարագրած վիճակն ինձ ու անկեղծ մի քիչ ուրախացա,որ ես մենակ չեմ:Ձեզ նման հոգևոր մարդու նման խոստովանությունը կարևոր է նրանով,որ մենք` այն մարդիկ,որ դեռևս այնքան էլ ամրացած չեն իրենց հավատքի մեջ ու դեռ ճանապարհ ունեն անցնելու,հանկարծ նման ապրումներ ունենալուց չվհատվեն և ետ կանգնեն,այլ շարունակեն իրենց հոգևոր ճանապարհը`մտածելով որ Տիրոջը, մեկ է, պիտի տեսնեն:

ArturSrk комментирует...
18.03.2011, 6:26

Աննա ջան իիիիիիիիինչ լավ ասեցիր... Շնորհակալ եմ:

Shushan комментирует...
22.03.2011, 8:43

Ողջույն: "Ոտքս խերով լինի Ձեր բլոգ" :) Հաճելի է էս տեսակ հոգևոր միջավայրում լինելը...

ArturSrk комментирует...
22.03.2011, 8:48

Բարի գալուստ, հարդելիս :)))

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...