21.8.10

ՍԵՎԱՆՆ Է ԾՓՈՒՄ...

Սևանն է ծփում… Ծփում է հանդարտ, ծփում է մեղմիկ: Այնքա՜ն նազանք կա նրա խաղի մեջ, կոր կոհակների նրբին պարի մեջ, որ մարդ նայելիս ափսոսում է գեթ մեկ ակնթարթ հայացքը թեքել…
«Է՜հ… Արտաքին խաբկանք, ռոմանտիկություն, դարերով եկած Սևանի գովքը թարմացնելու պարտականություն… Չգիտեմ` ուրիշ ի՞նչ կերպ կարող եմ արտահայտել մարդկանց` Սևանին ձոնած մակդիրների ամբողջությունը, բայց մի բան հաստատ կարող եմ ասել. «Մարդի՛կ, ո՛վ մարդիկ, հատկապես հայե՛ր, Սևանը այն չէ, ինչ դուք եք տեսնում»:

Սևանը չկա, Սևանը կործանվել է:
Հաճախ, շատ հաճախ այն, ինչ տեսնում ես մեկի երեսին, ճիշտ հակառակ պատկերն ունի դրոշմած նույն այդ մեկի ներսում` նրա հոգու մեջ: Նույնը կարելի է ասել և Սևանի մասին: Ուստի այն գեղեցկությունը, որ դուք հիմա տեսնում եք իմ` Սևանիս մեջ, լոկ արտաքին գեղեցկություն է, այն էլ գեղեցկություն, որ ավելի ճիշտ կլինի գրել չակերտների մեջ:
Գեղեցկություն… Դուք դեռ չեք տեսել իմ գեղեցկությունը: Եվ դժվար թե երբևիցե ձեզ կամ հաջորդ սերունդներին վիճակվի տեսնել իմ այն գեղեցկությունը, որին մարդը հայելով կարողանում էր թոթովել մեկ բառ միայն` հրաշք: Դուք դեռ չեք տեսել, թե ինչպե՛ս եմ ես խոսքի բռնվում հուր-արևի հետ, ինչպե՛ս արշալույսի թարմ օդի ճնշմամբ ալիք եմ տալիս ու համբուրվում եմ մեղմ զեփյուռի հետ:
Վաղո՜ւց էր, վաղուց…
Ելնում էր արփին իր վերին գահին բազմելու համար, և կանչում էի ես.
- Արուսյա՛կ, քույրի՛կ, կաց մի քիչ խոսենք, սթափվի՛ր առօրյա տաղտկալի միօրինակությունից:
 Արևն, իհարկե, երբեք չէր մերժում: Սփռում էր նա իր շողերը վրաս, կարմիր էր ներկում երկինքը ծավի, ճերմակ ամպերը վարդագույն օծում, Գեղամա լեռները դարձնում էր ոսկի: Իսկ ես զարդարված որպես թագուհի, հանդերձներով այս վեհաշուք ու պերճ, ինքնին դառնում էի վճիտ հայելի` անծիր երկինքը առնելով իմ մեջ:
- Արև՛, դադա՛ր տուր,- աղերսում էի ես,- դադա՛ր տուր, արև՛, բա՛վ է կատակես. շոգի կդառնամ:
Բայց չէր դադարեցնում կատակն արևը: Ու այդ ժամանակ լեռներից պոկված ժայռաբեկորի հսկա զանգվածի նման ահարկու ներքև էր սուրում լեռնային քամին: Հասնելով ափին` մեղմանում էր նա, զով զեփյուռ դառնում, նուրբ գրկում էր ինձ հովի թևերով և օրորում էր թևերի վրա:
Իսկ գիշերը անդորր էր իջնում Սևանի դեմքին, այնպիսի անդորր, որ կանգ էր առնում ամեն մի ալյակ, ու թվում էր, թե սառցադաշտի է վերածվել լիճը: Բայց բավական էր մի աղմուկ լսվեր ու արձագանքեր անսահմանության մեջ, կոհակները զգույշ առաջ էին գալիս, կանացի քնքուշ մատների նման շոյում էին քարերն ափի գորշավուն և դառնում էին ետ:
Ու ծփում էի ես, Սևա՛նն էր ծփում…
Իսկ հիմա՞: Հիմա էլ լուռ ծփում եմ ես, ծփում եմ զսպված, իմ դեմ կռվելով, բայց, ավա՜ղ, էլ չեմ ծփում ես այնպես, ինչպես արևի ու հովի հետ խաղի ժամանկ: Հիմա տխուր եմ, հոգիս է լալիս, ցնցվում եմ խեղդող հեծկլտոցներից, և այդ ցնցումը ալիք է տալիս:
Մարդ անվանվածը (թեև մարդկայինը քիչ է նրա մեջ) միշտ էլ իր շահի, օգուտի համար ոտնահարել է ամեն-ամեն ինչ: Եվ ցավալիորեն դար դարի վրա մարդու այս կիրքը կրկնապատիկ է մոլեգին դառնում: Ու հենց այս հոռի մոլուցքով տարված` մարդն ինձ զրկեց գեղեցկությունից, որն իբրև այսօր տեսնում է իմ մեջ: Չէ՛, սա խաբկանք է, խաբում եք դուք ձեզ, այո՛, ինքներդ ձեզ ու երբեք, երբեք ինձ, քանզի ես քաջ գիտակցում եմ, որ այսօր այն չեմ, ինչ երեկ էի… Այժմ թաղված եմ խորունկ վշտի մեջ. զրկվեցի նաև միակ սփոփանքից, իմ միակ սիրուց` Սևանա կղզուց: Եվ նորից մարդը ինձ զրկեց նրան տիրելու իմ մենաշնորհից: Ու կղզին հիմա դարձել է մարդուն միշտ հասու, ոտնատակ տրվուղ մի թերակղզի, մի թերի՛ կղզի:
Ու դեռ չի բավում մարդուն այսքանը. ընկել է վրաս ինչպես բռնակալ, կաղնու տակ փորող անհագ խոզի պես աղտ է սփռում իմ ափերով մեկ, շահ է փնտրում ու շահ է շինում ափերիս վրա և բարբաջում է, թե ափը… իրենն է:
Ապրե՜ք, շա՜տ ապրե՛ք, քիչ է սա դեռ ինձ, թքե՛ք երեսիս և դեռ ավելին և ստիպե՛ք դուք ինձ ուրանալ Աստծուն, դառնալ իմ նախկին` հին ակունքներին. չէ՞ որ ծնվել եմ հեթանոս բովում. զոհում եք դուք ինձ, ես ել զոհ կուզեմ ու թող որ երբեք գանգատ չլսեմ, թե մարդ է խեղդվել Սևանա լճում. դուք զոհում եք ինձ, ես ել զոհ կուզեմ:
Ու երբ որ տեսնեք, թե ծփում եմ ես, և փրփուրներ են շուրթերս պատել, ես զայրացած եմ, մոլեգնած սաստիկ. չմոտենա՛ք ինձ, խնդրում եմ, մարդի՛կ. Սևանն է ծփում…»:     
(2005թ.)

4 արտահայտվիր:

Gevorg комментирует...
04.10.2010, 10:06

Իսկական արձակ բանաստեղծություն էր: Սիրեցի:

Анонимный комментирует...
08.11.2010, 12:21

դուք զոհում եք ինձ, ես ել զոհ կուզեմ...

Hasmik комментирует...
01.01.2012, 23:31

Shat lavn er, Yes el sireci.

Anahit комментирует...
10.09.2012, 14:08

huzicher u cavali

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...