20.8.10

ԳՈՒՅՆԵՐ

Անունն Այվազ էր, ազգանունն այդ պահին ինքն էլ չէր մտաբերում, միայն հիշում էր, որ բոլոր կտավների տակ «Այվազ» էր ստորագրում, հարևանները, հարազատները, բոլորն իրեն այդպես գիտեին:
Գիշերն անտանելի էր: Քառասուներեք տարվա մեջ մեկ անգամ էր նման գիշեր ունեցել, այն էլ` վաղանցիկ քսանում. ատամն էր գարշելիորեն տանջում` հոշոտելով նյարդերը: Այս գիշեր ցավը կար, ատամը չկար… թե՞… մի խոսքով գիշերն անտանելի էր:

Վերմակը շպրտեց մի կողմ և առանց ցուրտը զգալու (աշնան վերջն էր) կիսամերկ մտավ լոգարան: Մոտեցավ պղտոր հայելուն և սկսեց ուշիուշով զննել առանց այն էլ ծռմռված դեմքի` հայելու մեջ ծռմռվող արտացոլանքը: Մի պահ իրեն թվաց, թե կոր հայելիների ծիծաղաշարժ սենյակում է: Հատ առ հատ վար քաշեց ստորին կոպերը (այդպես երեկ բժիշկն էր արել) և անկանոն  պտտելով արյամբ լցված աչքի խոշոր գնդերը` ազատ աչքով սկսեց ուսումնասիրել: Ապա բացեց բերանը և կարծես որպես նոր հայտնություն զարմացավ, որ դիմացի ատամներից մի քանիսը չկան (բացված խոռոչից կապույտ լեզուն կարող էր ազատ ելումուտ անել): Նույն զարմանքը պատեց նրան, երբ աչքին զարնեց մորուքի երկարությունը. «Տեր-տերի մորուք է, ա՛յ մարդ,- քմծիծաղ տվեց մտքում,- ալելուիա՜, ալելուիա՜…»,- շարունակեց քթի տակ: Որոշեց, որ այս ամենը պատրանք է կամ երազ. պետք էր արթնանալ: Բացեց ծորակը: Խողովակի ներսից խոր խշշոց լսվեց, ապա սուլոց, հաջորդեց օդի մի քանի շիթ, և վերջապես ծորակը դուրս թքեց ժանգագույն ջուրը: Ջրի գույնը տեսավ ու սիրտը թեյ ուզեց, սակայն ուղեղը սկսեց երկմտել` թե՞յ, թե սուրճ: Մինչ մտքերը կհերթափոխեին, ջուրը փոքրիշատե մաքրվեց: Ջրի առաջին զարկը դեմքին չսթափեցրեց կարծեցյալ երազից, երկրորդը, երրորդը և անգամ չորրորդը նույնպես. ո՛չ երազ էր, ո՛չ էլ պատրանք` իրականություն:
Ծանր քայլերով անցավ խոհանոց, ձեռքը մտցրեց սև, փոշոտ տոպրակի մեջ, դուրս բերեց «չոր սպիրտի» կտորներ ու վառեց կրակը: Հազիվ-հազ այրվող կտորներից արձակվող կապույտ կրակը ջերմություն առաջ բերեց Այվազի հոգում. ձեռքը մեքենայորեն մեկնեց տոպրակից փոքր-ինչ դուրս ցցված մետաղյա փոքրիկ ամանը և դեղնած ներարկիչը, բայց… միտքը դարձյալ հակաճառեց` թե՞յ, սո՞ւրճ, թե՞… ոչ մի թե` թե՛յ: «Մեկ շաբաթ է մնացացը, ոչ ավել. արժե այդ 7 օրը մարդկանց նման, մարդկանց հավասար, մարդկանց գույներով ապրել»: Գույներ…Հիշեց իր գույները, Այվազի կտավների գույները (միշտ երազել էր «Այվազավսկի» հորջորջվել)` մռայլ ու պայծառ, հասկանալի և ոչ այնքան: Հիշեց ու սիրտը հուզմունքով համակվեց: «Բժիշկն ի՞նչ իրավունք ուներ ինձ նման բան ասելու,- աղիողորմ կմկմաց Այվազը և բաժակը ձեռքին ելավ պատշգամբ,- բան էր, կլիներ»: Սառը օդը դարձյալ չզգաց: Վառեց ծխախոտը, մատների արանքում խաղացրեց գլանակը և նորից գլխուղեղն առարկեց` ծխախո՞տ, թե թեյ… Բարկանալով ինքն իր վրա հինգերորդ հարկից շպրտեց ծխախոտը, և վայրկենաբար հայտնված մտքից սիրտը ցնծաց. «Լավ է որ գլանակը ես չեմ. դրան, հողին հավասարվելու համար, ընդամենը հինգ հարկ էր մնացել, ինձ ամբեղջ երկու հարկ ավել` յոթ օր»: Ագահորեն գլուխը քաշեց գոլացած թեյը և մտավ ննջասենյակ` արվեստանոց: «Պետք է կտակ թողնել մարդկությանը` վերջին պատգամ. արվեստագետի պարտքն է»,- մտածեց Այվազն ու ձեռքը վերցրեց վրձինը: Մի պահ միտքը կանգնեց վրձնի վրա. «Ծաղրո՞ւմ  է ինչ է,- մտածեց` տեսնելով որ դրա ծայրին մազերը ճիշտ և ճիշտ իր այտամորուքի երկարության են: Ծաղրո՞ւմ է, թե չի ծաղրում»,- դարձյալ տատամսեց միտքը: «Էէէ՜, Այվա՛զ, խելքդ գցում ես,- մռթմռթաց նա  և հայացքը հառեց պատուհանից դուրս,- դե՛, մուսա՛, քեզ տեսնեմ…»:
Խոսքերի հետ բարձրագոչեցին Մայր Տաճարի զանգերի ղողանջները` հստակ, բյուրեղյա, սրտամոտ կանչով: Վրձինը ձեռքին շտապեց պատշգամբ և հայացքն ուղղեց Տաճարի գմբեթին. դրան վերադաս խոյանում էր մեծ խաչը` փարված լուսաբերի ցոլքերին: «Ես սա պետք է մոտիկից լսեմ. ո՞վ գիտի գուցե վերջին անգամ»,- մտածեց նա ու վրան գցելով վերարկուն սլացավ դուրս` չմոռանալով վերցնել խոհանոցի սև տոպրակը: Տոպրակը ճանապարհին նետեց Փոստի դիմացի աղբարկղը և ստեպ ստեպ քայլերով հասավ Տաճար: Զանգերն այլևս չէին ղողանջում: «Տեր-տերները» սովորականի պես ինչ-որ բան էին կլկլացնում (հիշեց, որ ինքն էլ ժամանակին վատ չի երգել): Անցավ սյուների միջով, սովորության համաձայն խոնարհվեց ու համբուրեց մեջտեղում` Իջման սեղանի առջև դրված գիրքն ու խաչը, ապա սկսեց ուշիուշով ուսումնասիրել սրբապատկերները:
Խաչելության մի պատկեր հատկապես գրավեց նրա ուշադրությունը. «Մեջտեղում` մեծ խաչի վրա, Հիսուս Քրիստոսն է, իսկ այն երկուսը կողքին ովքե՞ր են: Երևի Պողոս-Պետրոսն է, մյուսն էլ Գաբրիելը»,- մտածեց նա, բայց հետաքրքրությունը ստիպեց սպասել մինչև հարմար պահը` հոգևորականից հարցնելու:
-           Երկու հանցագործներ են,- պատասխանեց երիտասարդ մի վեղարավոր,- ովքեր խաչվեցին Հիսուս Աստծո հետ միաժամանակ: Աջակողմյան ավազակին Քրիստոս փրկություն բաշխեց, չնայած նրա մեղսալից անցյալին: Ղուկասի ավետարանի վերջին գլուխներում խոսվում է այդ մասին:
«Ավազակ-հանցագործ-մեղավոր» բառերն Այվազի գլխում ոչ մի կերպ չէին համընկնում հոգևորականի ասած «փրկություն» բառի հետ, բայց միտքը և պատկերը չլքեցին նրան մինչև տուն հասնելը:
Շտապով սկսեց քանդել գրադարակը: Գտավ փնտրածը` սև գիրք` վրան ոսկեգույն խաչ և գրություն` Նոր Կտակարան: Թերթեց էջերը և գտավ Ղուկասի Ավետարանի վերջին գլուխները. սկսեց ագահորեն կարդալ: Ամեն մի տողը կարդում էր մի քանի անգամ` բացակա ատամների արանքից սուլոցներ արձակելով: Ի վերջո գտավ փնտրած տողը` Ղուկաս  23:39-43.
«Իսկ կախված չարագործներից մեկը հայհոյում էր նրան և ասում. «Դու չե՞ս Քրիստոսը. փրկի՛ր ինքդ քեզ և մեզ»: Նրա ընկերը նրան սաստելով՝ պատասխան տվեց և ասաց. «Աստծուց չե՞ս վախենում, դու, որ նույն պատիժն ես կրում: Եվ մենք իրավացիորեն արժանի հատուցումն ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ սա որևէ վատ բան չի արել»: Եվ ասաց Հիսուսին. «Հիշի՛ր ինձ, Տե՛ր, երբ գաս քո թագավորությամբ»: Եվ Հիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես»:

Արցունքի մի կաթիլ ակամայից դուրս ժայթքեց Այվազի աչքից և այտնիվայր գահավիժեց ներկապնակի վրա: Այվազը վերցրեց վրձինը և նայելով պատուհանից երևացող խաչին` գունատ կտավի վրա երեք խաչ քաշեց…

… Անունն Այվազ էր, ազգանունն այդ պահին ինքն էլ չէր մտաբերում, միայն հիշում էր, որ բոլոր կտավների տակ «Այվազ» էր ստորագրում… Կտավներից մեկի տակ միայն այլ կերպ ստորագրեց` «Այվազակ» և վերնագրեց «Ների՛ր…»: Այդ օրվանից անցել էր քսան տարի: Արթնանում էր ամեն առավոտ Այվազը Էջմիածնի ղողանջներից և հրճվում ներքուստ, որ բժիշկն այդքան տգետ էր եղել… Կամ… Աստված գիտի, Խաչյալն է ամենազոր…


/2010/

7 արտահայտվիր:

Eva комментирует...
30.12.2010, 11:11

"menq hatucumn enq stanum mer arac gorceri hamar"????

ArturSrk комментирует...
31.12.2010, 8:51

Ասել թե հատուցում ենք ստանում, այնքան էլ ճիշտ չի լինի, բայց որ ստանալու ենք Երկրորդ դատաստանի ժամանակ, դա քրիստոնյաներիս համար անհերքելի է: Հայ քրիստոնյայի համար արդարացումը կամ դատապարտումը ուղիղ համեմատական է նրա գործած հավատի գործերին: Հավատք և գործ... Դրանք փոխլրացնում են մեկը մյուսին և դրանց ամբողջությամբ է արժևորվում անհատի կյանքը:

Aleksandr комментирует...
07.09.2011, 14:34

uxaki dzvaranum em mi ban grel / yes arid em unecel gtnvel Ayvazi arvestanocum u patker@ ackis arjev e / sat em cavum / Astvat hogun prgutyun ta /:

ArturSrk комментирует...
07.09.2011, 18:45

Սաշա ջան, սա հորիբված երպար է, ու իր բնական նախատիպը չունի. ես գրեուց հետո իմացա, որ էջմիախնում նման անունով նկարիչ կա :))), բայց գրածս իր հետ կապ չունի, այնպես որ...

ArturSrk комментирует...
07.09.2011, 18:54

Մեկը տեսնես մեկնաբանությունիցս բան հասկացավ ???

ԱՆԻ комментирует...
08.09.2011, 14:47

Իհարկե հասկացանք,բավականին տպավորիչ էր:

Srk. комментирует...
25.06.2012, 14:47

Armine Aghababyan

Verjin xosqer@ hrashali balasan en meznic yuraqanchyuri hogun, mez mnum e miayn havatal ev husal mer amenagtarat tiroj-Hisus Qristosi voxormacutyan@ ev aprel nran vorpes orinak unenalov.

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...