21.8.10

ՆԱՄԱԿ ԻՆՔՍ ԻՆՁ (մաս 1)



Կարդա՛ նաև`
Ողջո՛ւյն սիրելի՛, չէ՜... ավելի ճիշտ՝ պաշտելի անձ իմ: Ես քեզ նամակ եմ գրում... Ի՞նչ է, դու ծիծաղում ե՞ս ինձ վրա, որ քեզանից եմ քեզ նամակ գրում: Ծիծաղի՛ր, ես չեմ խռովի ու չեմ էլ տրտմի, ես ինձանից նեղացողը չեմ, իսկ դու՝ թերևս, ի՛նքդ որոշիր: Ծիծաղի՜ր, որովհետև դու չգիտես, որ ես քեզանից չեմ քեզ նամակ գրում, ես ինձանից եմ գրում: Ի՞նչ է, նորից ծիծաղդ գալիս է. լավ, դու գիտես, ես անցնեմ առաջ:
Նախ ասեմ, որ քեզ շա՜տ կարոտել եմ։ Չէ՜, մի՛ զարմացիր, թու՛յլ տուր, որ սիրտս մինչև վերջ բացեմ: Գիտե՞ս տարօրինակ է՝ ես ու դու անբաժան ենք, բայց պարզվում է, որ ես քեզ շա՜տ-շատ եմ կարոտել: Կարոտել եմ այն ակնթարթները, երբ դու ինձ հյուր ես գալիս: Շատ անգամ ես հյուր եկել, ինքդ էլ գիտես, բայց հույս ունեմ, որ նաև չես մոռացել, թե որքա՛ն կարճ ժամանակով ես եկել: Գալիս ես հյուր ու չես կարողանում քեզ գտնել իմ տանը, չես կարողանում լիովին հանգստանալ, այնինչ իմ այդ տունն առանց քեզ դատարկ է, այնինչ այդ տունը հենց քեզ համար է կառուցվել: Բայց դու՜...դու այդպես էլ չես կարողանում տիրանալ այդ տանը: Դու կարծես շնչահեղձ ես լինում: Արդյո՞ք պատերն են քեզ ճնշում. է՜հ, ախր դու ինձանից էլ լավ գիտես, որ իմ՝ քո տունը պատեր, առաստաղ, կտուր, դուռ, լուսամուտ..., ոչինչ էլ չունի. այն բաց է, ազա՜տ-անսահման, իսկ պատերը, որ ճնշում են քեզ, դու ես քեզ հետ բերում: Ի՞նչ է, չե՞ս հոգնում, այդ հսկա պատերը շալակած գալիս ես ինձ հյուր:
Արդեն չես ծիծաղում: Ու... ուրախ եմ:
Երկար ժամանակ էր, որ ցանկություն ունեի քեզ նամակ գրելու, բայց անընդհատ հետաձգում էի. հույս ունեի, որ մի օր տևական այցելության կարժանանայի քո կողմից, կզրուցեինք ու ամեն ինչ կշտկվեր, բայց...
Քեզ նոր ոչինչ չեմ ասելու, ուղղակի ուզում եմ, որ մի քիչ քեզ սիրես: Քեզ թվում է, թե դու քեզ սիրո՞ւմ ես, ո՛չ. կարող եմ քեզ վստահեցնել. «Սիրելի՛ս, դու քեզ չես սիրում»: Շատ անգամ մտածում ես, որ նույնիսկ ԵՍԱՍԵՐ ես (ինձանից ես սովորել), բայց երանի թե եսասեր լինեիր: Ա՜խ, ես մոռացել էի, ձեր կյանքում եսասիրությունը բացասական իմաստ ունի: Գիտե՞ս լավ է, որ այդպես է, բայց, ցավում եմ, դու անգամ այդ չես անում, դու եսասեր չես, դու քո եսը՝ քեզ չես սիրում: Դո՛ւ, եթե քեզ սիրեի՜ր... չնայած սիրել էլ կա, սիրել էլ: Բայց կուզենայի, որ մի բան լավ հիշեիր. դու երբեք դիմացինիդ չես կարող սիրել, քանի դեռ ինքդ քեզ չես սիրել: Իսկ որ դու ուզում ես սիրել դիմացինիդ՝ ընկերոջդ, դրանում ես կասկած չունեմ:
Ես չեմ ուզում քեզ դատել, բայց իմ պարտքն է այդ: Ի՞նչ է, քեզ թվում է, թե ես քո խի՞ղճն եմ: Օ՜, ոչ, ես քո խիղճը չեմ ու չէի էլ ուզենա լինել: Յուրաքանչյուր մարդու խիղճ ձևավորվում է յուրովի, իսկ ես միակն եմ ու անփոփոխը: Այլ խնդիր է, որ մարդիկ տարբեր կերպ են ընկալում ինձ: Ոմանք անգամ իրենց փոքրկությանը հատուկ ստոր չափանիշներով են ինձ օժտում: Անշուշտ, շատերն ինձ չեն էլ գտել: Կան նաև այնպիսիք, որոնց թվում է, թե գտել են ինձ, բայց... լավ, ես դառնամ քեզ: Գիտե՞ս ինչն է հետաքրքրական. այն, որ ես քեզ հետ եմ միշտ, ու դու գիտես, որ ես կամ, դու գիտես, որ ես քո ճշմարտությունն եմ՝ քեզ համար ստեղծված, ու այսքանն իմանալով հանդերձ՝ խուսափում ես ինձանից: Ինչո՛ւ... Ինչո՞ւ ես շարունակ ինձանից փախչում, վախենո՞ւմ ես: Մի՞թե դու լավ բանի հանդեպ վախ ունես (ես պիտի որ լավը լինեմ): Այո՛, ես գիտեմ, որ դևերն ու սատանան միշտ սարսռում են պայծառ լույսից: Չէ՛, չէ՜, դու դև չես, ոչ էլ սատանա, բայց քեզ ցավով պիտի հիշեցնեմ, որ դու այսօր սատանային ավելի շատ ես սիրում, քան քեզ, իմ մասին էլ չե՛մ խոսում:
Ժամանակ առ ժամանակ ես ափսոսում եմ, որ դու ինձ ճանաչելու շնորհին ես արժանացել. մի՛ զարմացիր, սա ևս շնորհ է:
Կար ժամանակ, որ դու ինձ չէիր ճանաչում: Օ՜, ի՜նչ հրաշալի էր. դու ունեիր մաքուր սիրտ, քիչ թե շատ մաքուր հոգի: Իսկ երբ գտար ինձ (ես երբևէ թաքնված չեմ եղել, դու ես ինձանից հեռու եղել), սիրտս մղկտում է, սակայն պիտի ասեմ... ,- երբ գտար ինձ, ների՛ր, բայց նմանվեցիր ցեխոտ մռութով մի ճարպոտ խոզի: Ների՛ր... Դու միշտ էլ խոզ ես եղել, մի տարբերությամբ միայն. երբ ինձ չէիր ճանաչում, քո մռութի (ներիր ես քո մեջ դեմք չեմ տեսնում) ցեխը, թերևս, այնքան գարշահոտ չէր, իսկ հետո... Եվ բացի այս, այն ժամանակ ես այնքան չէի տանջվում, որքան այժմ, որովհետև դու այն ժամանակ, այո՛, իմ հանդեպ հանդուգն էիր, ինձ նեղացնում էիր, բզկտում էիր սիրտս ու հոգիս, բայց չէի՜ր ճանաչում ինձ...
...կամայ եւ ակամայ, գիտութեամբ եւ անգիտութեամբ, մեղայ Աստուծոյ:
Դու երբևէ նվեր տվե՞լ ես: Թանկարժեք մի նվեր երբևէ տվե՞լ ես քեզ հարազատ մեկին. խոսքը միայն դրամական արժեքի մասին չէ: Ա՜խ, լավ միտքս եկավ, հիշո՞ւմ ես այն ժամացույցը, որ Ամանորին նվիրեցիր... գիտե՞ս թե ում: Շատ ուրախացավ չէ՞ նվերն ստանալիս, երբ իմացավ, որ այն դու ես պատրաստել: Դու էլ, անշուշտ, քիչ չուրախացար: Չեմ սխալվում, կարծեմ, ես էլ էի քեզ հետ:
Դե լավ, իսկ հիմա պատկերացրու, որ հենց վաղը դու գնում ես հանդիպման այդ նվերն ստացողի հետ ու տեսնում ես, որ... կարող ե՞ս պատկերացնել, թե ի՛նչ ես տեսնում... դե լսի՛ր. դու տեսնում ես մի այգի, այգու վերջում՝ նստարանին, նստած է նա առանց մեծ ջանք գործ դնելու, ինչ-որ բանով հարվածում է գետնին: Մի փոքր մոտենում ես... չէ՜, դու չես կարող հավատալ. ո՜վ զարմանք, քո նվիրած ժամացույցը, քո ձեռքերով պատրաստած թանկագին ժամացույցը ջարդուփշուր է արվում:
Հեռվում կանգնած՝ շարունակում ես նայել:
Դեռ քեզ չի նկատել:
Մի փոքր էլ ես մոտենում՝ հույս ունենալով, որ, միգուցե, քեզ կտեսնի ու կդադարեցնի, և հնարավոր կլինի ժամացույցը փրկել, չէ՞ որ այն քաղաքում միակ ժամացույցն էր իր տեսակի մեջ. դու էլ հմուտ ժամագործ ես: Արդեն բավականին մոտեցել ես, ինքն էլ քեզ տեսել է ու... ու շարունակում է անգթորեն հարվածել: Եվ ոչ միայն շարունակում է հարվածել, այլև այդ ընթացքում նայում է ուղիղ աչքերիդ մեջ ու մեռելային սառնությամբ ժպտում է: Դու մոտենում ես, փորձում ես հասկանալ, թե ի՛նչ է կատարվել, համոզում ես, որ գոնե մնացած մասը չավիրի, քեզ չի էլ հետաքրքրում, թե ինչո՛ւ է կոտրում (ավելի ճիշտ, դու գիտես, թե ինչո՛ւ է կոտրում, ուղղակի չես ուզում իրեն հարցնել), միայն ուզում ես, որ դադարեցնի:
Վերջապե՜ս...
Քեզ հաջողվում է նրան համոզել: Ժամացույցը վերցնում ես, նստում ես կողքին ու իր սխալի համար իր հետ լաց ես լինում: Սրանից հետո մի քիչ հանգստանում է (խեղճը հասկացել է, որ պետք չէր ժամացույցը փչացնել), ապա նույնիսկ ժպիտ է հայտնվում նրա դեմքին: Այս անգամ ժպիտն արդեն կենդանի է ու տաք, այն շնչում է, ժպտում ես նաև դու. ամեն ինչ անցյալում է...
Ժամացույցն ամենակարող ԺԱՄԱԳՈՐԾ-ը վերանորոգում է, ու բերում, մի գեղեցիկ օր վերադարձնում իր տիրոջը. մարդկային տկար լեզուն ի զորու չէ տալու երանության նկարագրությունը...
Թվում է, թե ամեն ինչ անցած է, բայց արի ու տես, որ մի ավելի գեղեցիկ օր, երբ դու պատրաստվում ես այդ մեկին ավելի լավ մի նվեր տալ, կրկին, ո՜վ զարմանք. նույն այգին, նույն նստարանը, նույն անձը, նույն գործողությունը, նույն ժպիտը, բայց... բայց, թերևս, այս անգամ արդեն այդ ամենն ուրիշ ավարտ կունենա:
Այո՛, ես քեզ ճանաչում եմ, բայց կարծեմ դժվար կլինի նորից ներելը:
Երևի հասկացար, թե ի՛նչ եմ ասում: Այսօր էլ դու ես այդ մահացած ժպիտով կործանարար անձը: Բայց պիտի ուրախացնեմ քեզ, չնայած դու այս էլ գիտես (ուղղակի քեզ ամեն ինչ անընդհատ անհրաժեշտ է հիշեցնել). քեզ ժամացույց նվիրող ԺԱՄԱԳՈՐԾ-ը բավականին տարբերվում է հենց քեզանից: Իսկ դու գիտես, որ նախկինում այդ տարբերությունը մեծ չի եղել. դու, կարելի է ասել, նմանակն ես եղել ԺԱՄԱԳՈՐԾ-ի: Այս ժամագործն արդեն հարյուրավոր անգամներ վերանորոգել է քո ժամացույցը և պատրաստ է տասնյակ հարյուրավոր անգամներ էլ այն վերանորոգելու: Սակայն, սիրելի՜ս, մի պահ թա՛փ տուր քեզ, արթնացի՛ր, վե՛ր կաց գերեզմանափոսիցդ, մտածի՛ր ու հասկացի՛ր, որ ամեն անգամ, երբ նորից կոտրում ես այդ ժամացույցը, բավական ժամանակ է պետք լինում, որպեսզի այն նորից վերանորոգվի: Ամենակարող ԺԱՄԱԳՈՐԾ-ն այն մի վայրկյանում էլ կվերանորոգի, բայց դու չես կարող ժամացույցը կոտրելուց մի վայրկյան անց խնդրել այդ ծառայությունը: Չես կարող, որովհետև սկզբում հպարտությունդ թույլ չի տալիս, որ խնդրես, հետո ուզում ես, բայց ամաչում, անգամ վախենում ես: Իսկ, իսկ չէ՞ որ կարող է պատահել, որ մի անգամ էլ չհասցնես վերանորոգման համար խնդրել ԺԱՄԱԳՈՐԾ-ին (չեմ ուզում ասել, որ հնարավոր է նաև, որ ԺԱՄԱԳՈՐԾ-ն ինքը քեզանից արդեն հոգնած լինի):
Ա՜խ, ես քո աչքերում արցունքներ եմ տեսնում...
Այդ ի՞նչ է, մի՞թե նորից ես կոտրել ժամացույցը:
Օ՜, երջանկությո՜ւն, ես սխալվում եմ. այս անգամ դու լալիս ես, որովհետև այն վերանորոգվե՜լ է... լալիս ես, այնինչ նախկինում դու ուրախանում էիր: Այո՛, ես հասկանում եմ քեզ, դու լալիս ես, որովհետև մտածում ես, որ նորից ես այն կոտրելու:
Ի՜՞նչ, ես կրկին սխալվե՞լ եմ...
Դու հասկացե՜լ ես, դու արդեն գլխի ես ընկել, որ այսքան ժամանակ ժամացույցիդ վերանորոգման համար մի լումա անգամ չես տվել ԺԱՄԱԳՈՐԾ-ին... Դու հասկացել ես, որ անարժան ես, բայց անընդհատ արժանանում ես:
«Ա՜խ, որքա՜ն թշվառ եմ ես...»:
Ես լսեցի, ես լսեցի՜ քո խոսքերը: Փա՜ռք քեզ, Տե՛ր:
Գիտե՞ս, կարծես նորից հյուր ես եկել ինձ...
Սպասի՛ր, այս անգամ դու քեզ հետ չես բերել քեզ ճնշող այն պատերը, ո՞ւր են դրանք...
Այս անգամ մռութդ ցեխոտ չէ, ա՜խ, ախր այս անգամ դու էլ մռութ չունես, հիմա դրա փոխարեն ես տեսնում եմ քո դեմքը, իսկ... իսկ ո՞ւր կորան ցեխն ու մռութը:
Հիմա ես էլ չեմ տանջվում:
Նամակս, կարծեմ, բավական երկարեց: Ինչ արած, սխալներն էլ քիչ չեն:
Դե սիրելի՛ս, սպասում եմ քո պատասխան նամակին: Ես կարծում էի, որ իմ նամակը ուշ տեղ կհասնի, բայց այդպես չեղավ. այն արդեն իսկ հասել է: Սակայն վախենում եմ գիտե՞ս, վախենում եմ, որ երկար չմնաս ինձ մոտ: Դե շուտ պատասխանի՛ր նամակիս, խնդրո՜ւմ եմ...

Հավերժ քո՝
ճշմարտություն

8 արտահայտվիր:

ArturSrk комментирует...
22.08.2010, 7:24

Ամեն անգամ կարդում եմ սա ու փոշմանում, որ դրեցի միանգամից կարդացի. մյուս անգամ պարբերություն առ պարբերություն եմ կարդալու նոր անցնեմ առաջ: Թե չէ ինձ թվում ա, թե Pentium 1 եմ ու փորձում են վրես Pentium 4-ի ծրագիր ինստալ անեն :)

Hayastan комментирует...
11.02.2011, 9:30

hianali er .mardu nerqin zgacmunqneri xjjvac artahaytutyun er.apreq shat- shat.

Սիլվա комментирует...
18.01.2012, 22:08

Դավիթ սարկավագ բավականին խորը մտքեր եք արտահայտում, ավելի շուտ կասեի , ինչ որ մեկին եք ուղղում Ձեր ասելիքը, իսկ հնարավոր չե՞ հենց այդ մեկին ինքներտ դեմ առ դեմ կիսեք ձեր ասելիքները, քան այսքան գրոըթյուններ, մեկնաբանումներ:Չե որ այսպես նրան էլ եք գցում թյուրիմածության մեջ:

Տեր Մարկոս քահանա Մանգասարյան комментирует...
21.01.2012, 16:53

@Սիլվա ջան ճիշտն ասած ես որևէ մեկին չեմ ուղղել խոսքս, կարծում եմ եթե մյուս հատվածներն էլ կարդաք, ամեն բան հստակ կլինի: Սա ուղղակի գեղարվեստական ստեղծագործություն է, որը գրվել է մեծ պահքի ընթացքում, ներհայեցողական ինչ-ինչ վիճակների մեջ:

Varduhi комментирует...
27.02.2012, 21:15

Գեղարվեստորեն ու գեղագիտորեն շարադրված ինքնախոստովանություն, ինքնաքննության փորձ, թե կոնկրետ հասցեատեր ունեցող "նամակ", կարծում եմ` էական չէ... Սկզբում թվաց, մեկ անձի է ուղղված, բայց հետո համոզվեցի, որ ասելիքը բոլորիս համար էլ իմաստ ունի.. ըստ իս, հաջողված էր... համենայնդեպս, ներդաշնակության հասնելը շատ մոտ թվաց... Շնորհակալություն հեղինակին... ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆՔԻՍ:

Анонимный комментирует...
02.03.2012, 9:19

es shat tpavorvac em ays namaknerov,es el erek kotreci ayn ,inch chpetqe kotrei pahqi orerin,hima zxjum em ,xndreci nerel Astcun,bayc inchu kotreci...gitakcabar...hima tanjvum em,gitem kancni,misht aydpes e linum,bayc inchu ka misht@.....

Տաթևիկ комментирует...
21.05.2012, 14:12

Շատ-շատ շնորհակալություն Տեր Մարկոսին: Իսկապես հեշտ չէր կարդալը, որտև որպեսզի հասկանաս, պիտի նաև վերապրես: Տեր Հայր ջան մի նման բան էլ գրեք թվացյալ և իրական հավատքի մասին խնդրում եմ:

Анонимный комментирует...
16.06.2012, 22:35

AMEN ANGAM KARDUM EM U CHEM HAGENUM.AYSTEX TEXADRVAT AMEN NYUT NOR KYANQI AXBYUR E, U AMEN ANGAM NOR UJ EM STANUM DIMAKAYELOV ES KYANQI DJVARUTYUNNERIN......SHNORHAKAL EM ANSAHMAN

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...